Դեկտեմբերի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում-խորհրդակցություն բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Արդյունավետ քննարկման ընթացքում ներկայացվել են խնդրի կարգավորման տարբերակները, անդրադարձ է եղել միջազգային փորձին: Կովկասի բնության հիմնադրամը/ CNF/ վերլուծություն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ հիմքում ունենալով ԲՀՊՏ-ների կառավարման համակարգերի միջազգային փորձը, ինչի շուրջ էլ ընթացել է քննարկումը: Ներկայացված վերլուծությամբ տարածքների պահպանության գործում մեծապես կարևորվել է նորարարական մեթոդների կիրառումը, տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը բնապահպանության ոլորտ: Հատկանշվել է կենսաբազմազանության մոնիթորինգի շարունակական իրականացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա պատկերացում կազմել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության մասին:Իրականացվող միջոցառումների ճիշտ կազմակերպման դեպքում էկոտուրիզմի զարգացման հնարավորություններն էապես ընդլայնվում են: Քննարկմանը կարծիքներ են հնչել կառավարման համակարգի վերաբերյալ, պետություն-համայնքներ-մասնավոր հատված փոխգործակցության տարբերակների շուրջ մտքերի փոխանակություն է ծավալվել: Որպես տարբերակ՝ նշվել է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ որպես կառավարման մոդելի արդյունավետությունը, միաժամանակ, կարևորվել կենտրոնացված կառավարման համակարգի անհրաժեշտությունը: Նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ՝ կստեղծվի աշխատանքային խումբ բարձրաձայնած հարցերի վերլուծության, ԲՀՊՏ-ների զարգացման հայեցակարգի մշակման և ռազմավարության վերանայման նպատակով: