ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.12.2016
Նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի բարձրաստիճան մեկնարկային հանդիպմանը

Դեկտեմբերի 13-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի բարձրաստիճան մեկնարկային հանդիպմանը: ԵՄ քառամյա այս ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի երկրներում բարելավել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը:Հանդիպման մեկնարկին մասնակիցներին ողջույնի խոսք են հղել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պիոտր Սվիտալսկին: ՀՀ բնապահպանության նախարարությունը շուրջ տասը տարի համագործակցում է Եվրոմիության հետ, իր խոսքում նշել է նախարար Արծվիկ Մինասյանը, ակնկալելով , որ այս ծրագրի շրջանակներում այդ համագործակցությունը հաջողությամբ կընդլայնվի: «Չնայած վերջին տասը տարիներին ջրերի կառավարման համակարգի բարելավման և անհրաժեշտ հիմնական օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման բնագավառում նկատելի առաջընթաց է արձանագրվել, այնուհանդերձ, անհրաժեշտ է իրականացնել «երկրորդ սերնդի» բարեփոխումներ՝ լիարժեք բարելավելու օրենսդրությունը, մոնիթորինգի և գնահատման տեխնիկական հզորությունները, ինչպես նաև որոշումների կայացման որակը»,- նշել է նախարար Արծվիկ Մինասյանը՝ մաղթելով արդյունավետ քննարկումներ, ինչը հիմք կհանդիսանա ծրագրի պատշաճ պլանավորման և իրականացման համար: ԵՄ արևելյան գործընկերության «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրով ակնկալվում է ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավում, աջակցություն երկրի հիմնական գետավազանների ջրային հաշվեկշիռների ճշգրտման աշխատանքներում և ջրավազանային կառավարման պլանների իրականացման գործում: