ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.12.2016
«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև

Դեկտեմբերի 12-ին ՀՀ  բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսելով նախատեսվող ծրագրի իրականացման մասին, նշել է , որ նոր, պատասխանատու վերաբերմունք է ձևավորվում հանքարդյունաբերության  ու տնտեսության ոլորտում: «Թյուր կարծիք թող չձևավորվի, որ  «Լիդիան Արմենիան» կամ նախարարությունը պարտավորություններ են ստանձնում, որոնք կկաշկանդեն իրենց գործողություններն իրականացնելիս: Չկա այդպիսի բան,հուշագրում հատուկ է շեշտվում այդ մասին , որ այս հուշագիրը որևէ ձևով չի կաշկանդում ոչ ընկերությանը, ոչ էլ նախարարությանը՝ իրենց լիազորություններն ու իրավասությունները հավուր պատշաճի իրականացնելու»-նշել է Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով ծրագրին՝ նախարարը կարևորել է դրա առավելագույնս մասնակցային լինելը, նշելով , որ գործընթացներում պետք է ներգրավվեն նաև համայնքները, հասարակական կազմակերպությունները: «Այն լինելու է բաց, հրապարակային, թափանցիկ և , մեր նպատակն է իբրև բնապահպանության նախարարություն լավ մշակույթ ձևավորել, որ կարելի է հասնել դրական արդյունքների` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Վստահ եմ , որ եթե մենք հետևողականորեն մեր նպատակներից չշեղվելով, հանրության լայն շրջանակների ներգրավմամբ շարժվենք առաջ, անպայման կունենանք օրինակելի արդյունք, որը նաև տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում կարող է ապահովել էական և լուրջ վերանայում Հայաստանի համար»-մասնավորապես ասել է  Արծվիկ Մինասյանը: «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում ընկերությունը հինգ տարիների ընթացքում իրականացնելու է 5.7 միլիոն դոլարի ներդրում: Ծրագիրը բազմակողմ է՝ միտված կենսաբազմազանության  պահպանմանը, էկոտուրիզմի զարգացման և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդրնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը: Ներկաներին «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի իրականացման մեխանիզմները ներկայացրել է  բրիտանական Treweek Environmental Consultants բնապահպանական խորհրդատվական ընկերության կենսաբազմազանության կառավարման փորձագետ, «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի համակարգող Ռամազ Գոխելաշվիլին: «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման մտադրությունների հուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը: