ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.11.2016
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Սայեդ Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները: Տարածաշրջանում որպես այս ոլորտի զարգացման առաջատար դիրք ունեցող երկիր՝ Իրանը, ըստ պրոֆեսոր Սարքարի, պատրաստ է էներգետիկայի, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության միջոցով համատեղ ծրագրեր իրականացնել: Նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է նախաձեռնությունը, նշելով, որ կաջակցեն համապատասխան գերատեսչությունների հետ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում, միաժամանակ, վստահություն հայտնել, որ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է մանրամասնորեն քննարկելու յուրաքանչյուր ծրագիր, որը հնարավորություն կտա բարձր տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Հանդիպմանն անդրադարձ է եղել Իրանի հետ անդրսահմանային ջրային ռեսուրսներին առնչվող հարցերին, մասնավորապես, Արաքս գետի աղտոտվածության խնդրին: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Արաքսը հանդիսանում է անդրսահմանային ջրային ռեսուրս հինգ երկրների համար և աղտոտվածության աղբյուրները լիարժեք բացահայտելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան ուսումնասիրություններ կատարել բոլոր երկրների տարածքներում: Ավելին, իրանական Արևելյան Ատրպատականի նահանգապետից կա դրական արձագանք այն մասին, որ հայկական կողմը չի աղտոտում Արաքս գետի ջուրը և գետի ձկներից վերցրած նմուշներում ծանր մետաղներ չեն հայտնաբերվել:Կողմերը նշել են Արաքս գետի ջրի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիթորիգի աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը, իսկ հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատել համագործակցության և արդյունավետ փոխգործակցության հանձնառությունը: