ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.11.2016
Մեկնարկում է «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնը

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է  «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնի մեկնարկային ասուլիսին: Բացելով ասուլիսը և ողջունելով ներկաներին` Վայրի բնության և մշակութային արժեքների  պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները:   ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարևորելով փառատոնի դերն ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկվածության բարձրացման հարցում` իր ողջույնի խոսքում ասել է. «Հարավկովկասյան տարածաշրջանում բնապահպանական այս փառատոնն, որն արդեն 6-րդ անգամն է անցկացվում Հայաստանում, վստահաբար կարող ենք ասել, որ ծառայում է իր նպատակին` հասարակության ուշադրությունը հրավիրելով մեր հանրապետության հարուստ կեսաբազմազանության, կենդանական ու բուսական աշխարհին առնչվող խնդիրների վրա: Նմանատիպ ցանկացած միջոցառման հիմնական առաքելությունն է հասարակության մոտ ձևավորել բնապահպանական գիտակցություն, մատաղ սերնդի մոտ սերմանել սեր այն միջավայրի հանդեպ, որտեղ ապրում է»: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության խնդիրները, ինչին էլ ուղղված է միջոցառումը: Փառատոնի բացման արարողությանը կհաջորդի «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ: