ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.11.2016
Ամրագրելով բնության հուշարձանների բնապահպանական առաջնահերթությունները` կխթանվի էկոտուրիզմի զարգացումը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է CNF /Կովկասի բնության հիմնադրամի/ գերմանական կազմակերպության գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիին, Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանին և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանին: Արծվիկ Մինասյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտություն կա: Բնապահպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, որոնք թույլ կտան մի կողմից շրջակա միջավայրի պահպանությունը դարձնել ավելի թիրախային, մյուս կողմից` ստեղծել հնարավորություններ մեր երկրում կայուն զարգացում ապահովելու նպատակով: «Սովորաբար բնապահպանությունը դիտարկվում է որպես ծախսատար ոլորտ, մինչդեռ կան բոլոր նախադրյալներն այն վերածելու զարգացման միջոցի»,-շեշտել է բնապահպանության նախարարը: Ջեոֆ Ջիակոմինին շնորհավորելով Արծվիկ Մինասյանին Հանրապետության բնապահպանության ոլորտի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ, հայտնել է CNF-ի պատրաստակամությունը` Հայաստանի զարգացման նպատակով ավելի մեծ ծավալներով աշխատել ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Առաջնային նպատակ ունենալով պահպանել վայրի բնությունը` CNF կազմակերպության օրակարգում է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բնության հուշարձանների անձնագրավորման խնդիրներին: Բնապահպանության նախարարը հայտնել է, որ այդ նպատակով այլընտրանքային միջոցենրի ապահովումը թույլ կտա բնության հուշարձաններն ամրագրել որպես բնապահպանական առաջնահերթություններ` նաև համալիր մեխանիզմի մշակման արդյունքում դրանք արդյունավետ ներգրավել էկոտուրիզմի զարգացման գործընթացում թե´ Հայաստանում, թե´ տարածաշրջանում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել CNF-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում լուծել Գառնիի «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի քարտեզագրման և անձնագրավորման հարցերը: ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությունն ընդլայնելու նպատակով, որոշվել է ավելի հաճախ կազմակերպել աշխատանքային քննարկումներ և արտագնա նիստեր: