ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.11.2016
Հասարակական կազմակերպությունների առաջարկներով Խորհրդի նիստում քննարկվել են առաջնային հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական հարցեր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել  նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին` խորհրդի նախագահը ներկայացրել է նիստի օրակարգը, որի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չեն եղել: Հերթական նիստի օրակարգը ձևավորվել էր խորհրդի սույն թվականի հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստին հրավիրված բնապահպանական հասարակական կազմակերպությունների առաջարկություններով: Խորհրդի արտահերթ նիստում հասարակական կազմակերպություններն առաջարկել էին յուրաքանչյուր նիստի օրակարգային առաջին հարցով ներկայացնել նախորդ նիստում հնչած առաջարկների և ընդունված որոշումների կատարման վերաբերյալ հաշվետվություն: Խորհրդի անդամ Արմեն Վարդանյանը ներկայացնելով օրակարգային առաջին  հարցը` տեղեկացրել է, որ արտահերթ նիստում ընդունված  բոլոր որոշումների և հնչած առաջարկների ուղղությամբ կատարվել են գործնական քայլեր, որոնց զգալի մասի լուծումը տրված է, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:   «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության անդամ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կազմակերպության մշակած  նախագիծը: Բանախոսն առաջարկել է օրենքում կատարել փոփոխություններ, որոնք կհստակեցնեին  փորձաքննության ենթակայության նորմերը, հիմնադրույթային և նախագծային փոփոխությունները, փորձաքննության եզրակացության կատարման  նկատմամբ  վերահսկողության լիազորությունները և կկանոնակարգեին առանձին խնդիրներ: Նիստին հրավիրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը մշակող աշխատանքային խմբի փորձագետների և խորհրդի անդամների հետ ծավալված մեկժամյա քննարկման արդյունքում կարևորվել է ներկայացված առաջարկությունների զգալի մասը: ՀՀ բնապահապանության նախարարության փորձագետ Ազգանուշ Դռնոյանը նշել է, որ «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության ներկայացրած վերոհիշյալ նախագծի որոշ դրույթներ արդեն ներառվել են Նախարարության կողմից մշակվող  օրենքի փոփոխությունների փաթեթում: Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ ներկայացված օրենքի նախագծի մյուս կետերը նույնպես կներառվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ձևավորված և գործող աշխատանքային խմբի օրակարգում, և փոփոխության հեղինակը կհրավիրվի մասնակցելու աշխատանքային խմբի նիստերին: Օրակարգային երրորդ հարցի շրջանակներում Հասարակական խորհրդում ծավալվել է 2.5 ժամ տևողությամբ քննարկում` «Գեոթիմ» ՓԲԸ-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի համար տրված բնապահպանական փորձաքննության եզրակացության վերաբերյալ:   Հարցն օրակարգում էր ընդգրկվել «Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանի և «Էկոլոգիական իրավունք»  հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանի` խորհդի նախորդ արտահերթ նիստում  արած առաջարկով: Հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Հակոբ Սանասարյանը, Նազելի Վարդանյանը, Սիլվա Ադամյանը, Ինգա Զարաֆյանը, Գրետա Գաբրիելյանը, Էրիկ Գրիգորյանը և Վազգեն Գալստյանը ներկայացրել են փորձաքննության եզրակացության վերաբերյալ ունեցած իրենց մտահոգությունները և փաստարկները: ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանը և փորձաքննական եզրակացության փորձագետ-մասնագետ ԱրթուրՄինասյանը ներկայացրել են հիմնավորումներ, որոնք  փաստում էին, որ բնապահպանական փորձաքննության գործընթացն իրականացվել է  գործող իրավական նորմերի պահանջներին համապատասխան, իսկ բնապահպանական ռիսկերի մասին բարձրացված բոլոր մտահոգությունները դիտարկված են ընկերության ներկայացրած նախագծում և տրված են համապատասխան լուծումներ:Ըստ բանախոսների` փորձագետների շրջանում գերակայում է այն տեսակետը, որ Ամուլսարի ծրագիրը փորձաքննական գործընթացի տեսանկյունից  առավել շատ քննարկված և բնապահպանական խնդիրները լիարժեքորեն դիտարկած նախագծերից է: «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանն իր ելույթում հայտարարել է, որ բնապահպանական հասարակական կազմակերպություններն առաջարկում են ուժը կորցրած ճանաչել «Գեոթիմ» ՓԲԸ-ին` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի համար տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունը: Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանն ամփոփելով քննարկման արդյունքները` շեշտել է, որ հնչած ելույթներում և փաստարկներում  չբերվեց որևէ իրավական փաստարկ, որ փորձաքննության գործընթացն իրականացվել է գործող իրավական նորմերից շեղումներով, ինչպես նաև  չբերվեց որևէ իրավական հիմնավորում, որը  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերով հիմք կհանդիսանար բնապահպանական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու  համար: Ըստ բնապահպանության նախարարի` որևէ հիմք չկա կասկածի տակ դնելու ընկերության կողմից  ներկայացրած նախագծային դրույթների հիմնավորումները ու դրանով ստանձնած պարտավորությունների կատարումը: Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտնել են, որ իրենց առաջարկությունները կներկայացնեն գրավոր: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ և մասնագիտական քննարկման համար և կարևորելով բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ հասարակական կազմակերպությունների ունեցած մոտեցումները` Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ  հասարակական խորհրդի նիստերն ավելի հաճախ կգումարվեն: