Եվրոպայի Խորհրդի նախագահող Սլովակիայի Հանրապետության շրջակա միջավայրի հարցերով նախարար Լազլո Սոլումոսի հրավերով` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2016թ. հոկտեմբերի 17-ից 18-ը Լյուքսեմբուրգում մասնակցել է Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների առաջին հանդիպմանը: Հանդիպմանը հրավիրված Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդավիայի և Ադրբեջանի նախարարներից բացի մասնակցել են նաև ԵՄ շրջակա միջավայրի հարցերով հանձնակատար Կ. Վելլան, կլիմայի և էներգետիկայի հարցերով հանձնակատար Մ. Կանյետեն և Եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յ. Հանը: Հանդիպմանը հրավիրվել էին նաև եվրոպական ֆինանսական հաստատությունների, ՄԱԿ-ի Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների հանդիպման գլխավոր նպատակը շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության մարտահրավերներին, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցերի քննարկումն էր։ Հանդիպման ժամանակ քննարկվել են բնապահպանական կառավարման և կանաչ տնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարները, կարևորվել բնական պաշարների կայուն և համակարգային օգտագործման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի իրականացման հարցերին` մասնավորապես Արևելյան Գործընկերության երկրների զարգացման հնարավորություններին` արտանետման նախատեսվող ցածր մակարդակների պայմաններում: Հանդիպման ընթացքում նախարարներն ընդունել են հռչակագիր` առաջնային բնապահպանական հարցերի շուրջ հետագա համագործակցության ամրապնդման նպատակով։ Նախարարները պայմանավորվել են երկրորդ հանդիպումը կազմակերպել երկու տարուց, որպեսզի գնահատեն Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության արդյունքները և առաջընթացը: