ՀՀ կառավարության 13.10.2016 թ. նիստի քննարկմանն է ներկայացվել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի <<Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին>> N967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը: Նախագծով N967-Ն որոշման 2-րդ կետում <<2019-2021>> թվերը նախատեսվում է փոխարինել <<2020-2022>> թվերով: ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի <<ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի <<Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին>> N967-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> N1301-Ն որոշման 2-րդ կետով ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել էր` Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի առանձնացման ծրագրի իրականացման համար բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական բյուջեում նախատեսել համապատասխան ծավալների ֆինանսական միջոցներ` համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի կողմից ներկայացված հայտերի: Սակայն համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ծրագրի ֆինանսավորում չի նախատեսվել ինչպես 2014-2016, 2015-2017 և 2016-2018 թվականների, այնպես էլ 2017-2019 թվականների համար ներկայացված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով: Ելնելով վերը նշվածից առաջակվել է պետական բյուջեում ծրագրի ֆինանսավորումը նախատեսել 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: ՀՀ բնապահպանության նախարարն կարևորել է բնության հուշարձանների քարտեզագրումը, թվայնացում, որպեսզի հետո հնարավոր լինի արդյունավետ տնտեսական քաղաքականությամբ բնությունը վերածել եկամուտ ապահովող ոլորտի: Ըստ Արծվիկ Մինասյանի, այդ նպատակի համար անհրաժեշտ կլինի 130 միլիոն դրամ և նախատեսվում է այդ գումարները ներգրավել միջազգային դոնոր կազմակերպություններից, որպեսզի բյուջեն չծանրաբեռնվի: Արդեն աշխատանքներ են տարվում մի շարք միջազգային հիմնադրամների հետ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու նպատակով: Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: