ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.10.2016
Պարզաբանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծվելիք վտանգավոր թափոնների պահեստավորման ու վնասազերծման ազգային կենտրոնի ստեղծման առնչությամբ հրապարակված բաց նամակում վեր հանված խնդիրների վերաբերյալ

Գլոբալ Էկոլոգիական Ֆոնդի (ԳԷՖ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ իրականացվող «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» լայնածավալ ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսվում է նշված վտանգավոր թափոնների պահեստավորման և կառավարման (ըստ անհրաժեշտության նաև հնարավոր ընդունող տարածք՝ վտանգավոր թափոնների վտանգազերծման համար) ազգային կենտրոնի ստեղծում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ։ Ծրագրի նախաձեռնման հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի դիմումը ուղղված միջազգային առաքելություններին և կազմակերպություններին՝ օժանդակել Երևանի տարածքում տեղակայված Նուբարաշենի թունաքիմիկատների թափոնների գերեզմանոցի մաքրմանն ու արտափորված թափոնի ոչնչացմանը։ Վարչապետի այս կոչն արձագանք էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից Նուբարաշենի թունաքիմիկատների թափոնների գերեզմանոցի ներկայացրած վտանգին լուծում տալու բարձրաձայնված խնդրին։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականի մայիսի 23-ին ստորագրել և կողմ է դարձել Ստոկհոլմի կոնվենցիային , ինչը վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 22-ին։ Այս կոնվենցիային միացած երկրները պարտավորություն են ստանձնել սահմանափակել կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) օգտագործումը և ոչնչացնել եղած պաշարները մինչ 2025 թվականը։ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ստանձնել է պարտավորություն բնապահպանորեն անվտանգ եղանակով ոչնչացնել կամ վնասազերծել ՀՀ-ում առկա, ինչպես ԽՍՀՄ ժամանակներից ժառանգած ԿՕԱ աղտոտիչ հանդիսացող թափոնները՝ որոնց մեջ մաս է կազմում Նուբարաշենի արվարձանում թաղված ժամկետանց պեստիցիդների պաշարը՝ մոտ 1000 տոննա մաքուր պեստիցիդներ, և մոտ 7000 տոննա բարձր աղտոտվածության հողը։ Նախատեսվում է նաև ՀՀ համայնքներում պեստիցիդների պահեստավորման և բաշխման պահեստներում նախկինից մնացած ժամկետանց պեստիցիդների հավաքում և նույնպես ոչնչացում։ Այս քանակը գնահատվում է մոտ 150 տոննա։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) օժանդակությամբ պետք է հավաքի, փաթեթավորի այս պահեստներում մնացած ժամկետանց պեստիցիդները, և Նուբարաշենի թափոնի հետ միասին ուղղվի ոչնչացման։ Խորհրդային տարիներից ժառանգված նման պահեստներ (համեմատած լավ կամ շատ վատ վիճակում պահպանված) առկա են գրեթե բոլոր համայնքներում։ Գնահատվում է, որ դրանցից 24-ում առկա է առավել մեծ քանակի ժամկետանց պեստիցիդների պաշար, ինչը մասնավորապես պետք է լինի ՀՀ գյուղատնտեսության նախարարության թիրախը` հավաքելու և փաթեթավորելու, ոչնչացման նպատակով։ Ծրագիրը հաստատվել է երկամյա՝ 2012-2014թթ. նախապատրաստական փուլի աշխատանքների արդյունքում՝ ծրագրային փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև 2015թ մայիսի 25-ին։ Ինչպես վերևում նշվեց ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել 2011-2013 թվականներին ԵԱՀԿ-ի և չեխական աջակցությամբ և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» բնապահպանական հասարակական կազմակերպության մասնակցությամբ իրականացված Նուբարաշենի տարածքի գնահատման, թափոնի տարածման բնապահպանական գնահատման արդյունքների վերլուծությունը։ Այս փուլում մասնակցել են միջազգային բնապահպանական, քիմիական-ինժեներական-տեխնոլոգիական մեծ փորձառություն ունեցող միջազգային փորձագետներ և կազմակերպություններ, իրականացվել են հանրային լսումներ, քննարկումներ՝ բնապահպանական և այլ պրոֆիլի հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Ծրագիրն ունի կառավարման խորհուրդ՝ ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ ղեկավարմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ծրագրային փաստաթղթով հաստատվել և նախատեսվել է 7000 տոննա հողի տեղափոխում Հրազդանի պահեստային կենտրոն՝ հետագա վնասազերծման նպատակով։ Ներկա մրցութային փաթեթի տեխնիկական առաջադրանքով պահանջվում է այժմ ՀՀ ԱԻՆ-ի տնօրինման տակ գտնվող քաղպաշտպանության և բժշկական ապրանքների նախկին պահեստային տարածքի վերակառուցման առաջարկի մշակում։ Վերակառուցման արդյունքում կհիմնվի անվտանգության ՀՀ քաղաքաշինական նորմերի և միջազգային (ՄԱԿ-ի կողմից ընդունված) ստանդարտների պահանջներին համապատասխանող պահեստային հաստատություն, որը կգործի ՀՀ ԱԻՆ-ի կառավարման ներքո և կհանդիսանա քիմիական վտանգավոր թափոնների կառավարման կենտրոն։ Այս կենտրոնը կծառայի Նուբարաշենից արտափորված ժամկետանց պեստիցիդների ժամանակավոր պահեստավորման վայր։ Այն կշարունակի գործել որպես այլ քիմիական թափոնների (ներառյալ դպրոցների քիմիական կաբինետներում և այլ կրթական հաստատություններում, գիտական, բժշկական և այլ հաստատություններում կուտակված ժամկետանց քիմիական նյութերի) հավաքման և անվտանգ պահպանման վայր՝ ըստ սահմանված սխեմայի հետագա ոչնչացման հաստատություն ուղարկելու պայմանով։