ՀՀ բնապահպանության նախարարությունը ս.թ. սեպտեմբերի 28-29-ը <<Սնդիկի ազդեցության ռիսկը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա>> թեմայով երկօրյա ուսուցողական աշխատաժողով է կազմակերպել: Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, տարբեր գերատեսչությունների, գիտահետազոտական ինստիտուտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության <<Շրջակա միջավայրի և առողջության եվրոպական կենտրոնի>> միջազգային փորձագետը: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է մարդու առողջության վրա սնդիկի ազդեցության մասին նորագույն գիտական տեղեկատվությունը: Քննարկվել են մարդու առողջության կենսամոնիթորինգի և էկոլոգիական մոնիթորինգի զարգացման համար կարողությունների ստեղծման խնդիրներ, ինչպես նաև սնդիկ պարունակող ապրանքների (ջերմաչափեր, մանոմետրեր, սֆիգնոմետրեր) օգտագործման աստիճանաբար դադարեցման և ատամնալիցքի սնդկազոդքի օգտագործման կրճատման հետ կապված հարցեր: Սնդիկը համաշխարհային մտահոգության քիմիական նյութ է` շնորհիվ իր մթնոլորտային հեռահար շարժի, էկոհամակարգերում կենսակուտակման ունակության և մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա լուրջ բացասական ազդեցության: Կենսոլորտի աղտոտումը սնդիկով և սնդիկի միացություններով պայմանավորված է դրանց համեմատաբար բարձր ցնդելիությամբ, արտաքին միջավայրում կայունությամբ, մթնոլորտային տեղումներում լուծելիությամբ, ինչպես նաև հողում և կանաչ տնկարկներում կուտակվելու ունակությամբ, ինչն ընդհանուր առմամբ հանգեցնում է սնդիկի աստիճանաբար կուտակմանը մարդու օրգանիզմում և շրջակա միջավայրում: 2013թ. հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում Հայաստանի Հանրապետությունը 91 այլ երկրների հետ մեկտեղ ստորագրել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան, որի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: Ներկայում Կոնվենցիան վավերացրել է 32 երկիր: Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի վավերացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել սնդիկի հիմնախնդիրը, բացահայտել դրա հիմնական աղբյուրները, որոշել գերակայությունները և վերլուծել այդ նյութի գործածության իրավական կարգավորման հենքը՝ առկա բացերը վեր հանելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանն իր ելույթում նշել է, որ Կոնվենցիան վավերացրած երկրները հնարավորություն կունենան տեղեկատվություն փոխանակելու տեխնոլոգիական նորարարությունների, տնտեսապես և տեխնիկապես իրագործելի սնդիկ չպարունակող այլընտրանքների կիրառման վերաբերյալ: Կոնվենցիան նախատեսում է նաև ֆինանսական մեխանիզմներ` կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներին ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: