ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 8-ի նիստում հաստատման է ներկայացրել բնապահպանության ոլորտին առնչվող մի շարք որոշումների նախագծեր: Մասնավորապես, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N293-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Վերջին տարիների ընթացքում Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր քիմիական նյութերի ցանկը փոփոխվել է և համալրվել են նոր քիմիական նյութերով և թունաքիմիկատներով (5-ը փոփոխվել է, 11-ը` ավելացվել): Այդ կապակցությամբ անհրաժեշտություն էր առաջացել վերանայել և լրամշակել կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N293-Ն որոշմամբ հաստատված, Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը: Որոշման ընդունումը կնպաստի Ռոտերդամի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը և առանձին վտանգավոր քիմիական նյութերի արտադրության և միջազգային առևտրի կանոնակարգմանը՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով: Արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկի սահմանումը Հայաստանի Հանրապետության համար արդիական է, քանի որ հանրապետությունում բացակայում է "Քիմիական նյութերի մասին" ՀՀ օրենքը, որով կկարգավորվեն արտադրվող և ներկրվող քիմիական նյութերի գրանցման հետ կապված հարցերը, ինչպես նաև չկա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարգավորվող արգելված քիմիական նյութերի միասնական ցանկ: Մեկ այլ նախագծով հաստատման է ներկայացվել "Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1465-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին" կառավարության որոշումը: Նախագծով առաջարկվում է կրճատել "Զանգեզուր կենսոլորտային համալիր" պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղերի քանակը` 7-ից հասցնելով 3-ի: Որոշման ընդունումը հնարավորություն կտա բարձրացնել կազմակերպության աշխատանքի և ֆինանսական միջոցների բաշխման արդյունավետությունը, ունենալ համեմատաբար հավասարաչափ տարածքներով մասնաճյուղեր: Գործող մասնաճյուղերը "Շիկահող" պետական արգելոց "Սոսու պուրակ" պետական արգելավայր| "Խուստուփ" պետական արգելավայր "Արևիկ" ազգային պարկ "Բողաքար" պետական արգելավայր "Զանգեզուր" պետական արգելավայր "Սև լիճ" պետական Առաջարկվող մասնաճյուղերը "Շիկահող" մասնաճյուղ "Արևիկ" մասնաճյուղ "Զանգեզուր" մասնաճյուղ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև "Մետէքսիմ" ՍՊԸ-ին վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա տալու մասին" կառավարության որոշման նախագիծը: "Մետէքսիմ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզիա ստանալու նպատակով: Հաշվի առնելով, որ նախատեսվող գործունեությունը կնպաստի վտանգավոր թափոնների, տվյալ դեպքում` բանեցված թթվային մարտկոցների հավաքմանը, պահմանը և փոխադրմանը` նպատակահարմար է "Մետէքսիմ" ՍՊԸ-ին տրամադրել լիցենզիա: Որոշումների նախագծերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: