ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2016
Տեղի է ունեցել կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողով

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող “Կլիմա Արևելք. աջակցություն կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը Ռուսաստանում և Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի արևելյան երկրներում” ծրագրի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը օգոստոսի 31-ին կազմակերպել էր աշխատաժողով, որի ժամանակ քննարկվել են կլիմայի փոփոխության (ԿՓ) նկատմամբ հարմարվողականությանը և Հայաստանում հարմարվողականության ազգային քաղաքականության մշակմանը վերաբերող հարցեր: Աշխատաժողովի նպատակն է շարունակել բացահայտել Հայաստանում հարմարվողականության մարտահրավերները, Հարմարվողականության ազգային պլանի /ՀԱՊ-ի/ մշակման նախադրյալները և քննարկել բովանդակային այլ հարցեր: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշել է, որ կլիմայի փոփոխության խնդիրը մոլորակի գլոբալ մարտահրավերներից է և նախորդ տարի Փարիզում ընդունված համաձայնագիրը դրական տեղաշարժ կարձանագրի դրան դիմակայելու գործընթացում: Ըստ բանախոսի, ներկայում ընթանում է փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը, որի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ: «ՀՀ բնապահպանության նախարարությունը փարիզյան հանդիպումից առաջ, 2015 թվականի սեպտեմբերին, կառավարության հաստատմանն է ներկայացրել Ազգային մակարդակով գործողությունների/ ներդրումների ծրագիրը, որում հստակ ամրագրված են այն պարտավորությունները, որոնք վերցնում է Հայաստանը կլիմայի փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: Փաստաթղթում հստակ ներկայացված է մասնավորապես երկու պայման, որոնց ապահովման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակում: Առաջին` այդ սահմանափակումները չպետք է խոչընդոտեն Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացմանը, ավելին օգտագործվելով ժամանակակից, ռեսուրսախնայող, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ, խթանել Հանրապետության սոցիալ տնտեսական զարգացումը և երկրորդ` Հայաստանն ակնկալում է լայն համագործակցություն, ֆինանսական, տեխնոլոգիական և տեխնիկական աջակցություն զարգացած երկրներից և դոնոր կազմակերպություններից: Ազգային մակարդակով գործողությունների/ներդրումների ծրագրում կա նաև մեծ բլոկ, որը նվիրված է հարմարվողականությանը, թվարկված են խոցելի ոլորտները, նաև այն խնդիրները, որոնք քննարկվելու են այս աշխատաժողովում»,-իր խոսքում նշել է Ս. Պապյանը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին` ակնկալելով, որ դրանց արդյունքում կլինեն օգտակար առաջարկներ առաջիկայում Հայաստանի կողմից մշակվելիք կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների ծրագրի համար: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության կցորդ, բնապահպանական և կլիմայի փոփոխության հարցերով միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն իր ելույթում արձանագրելով, որ կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը ուղղված միջոցառումներն ունեն պարբերական և անընդհատ բնույթ, կարևորել է երկրների կողմից ազգային մակարդակով տարվող աշխատանքները, որոնց իր աջակցությունն է ցուցաբերում Եվրոպական Միությունը: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը ներկայացրել է փարիզյան համաձայնագրի իրականացման Հայաստանի տեսլականը և Հայաստանի ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը (INDC): Աշխատաժողովին մասնակից պետական, հասարակական, մասնավոր և գիտական կազմակերպությունների մասնագետներին ներկայացվել է Հարմարվողականության ազգային պլանի գործընթացի վերաբերյալ առաջարկությունները, վերջինիս ճանապարհային քարտեզը, առաջարկվող կառուցվածքը և Հայաստանի հարմարվողականության ազգային ծրագրի հավանական հիմնական տարրերը: Խորհրդաժողովին ներկայացվել են նաև Հայաստանում իրականացված կլիմայի փոփոխությանն առնչվող աշխատանքների արդյունքները և ծավալել են շահագրգիռ քննարկումներ` շահառուներից առաջարկություններ ստանալու նպատակով, ինչը կնպաստի Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային քաղաքականության հիմնական փաստաթղթի՝ Հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործընթացին: