«Հրապարակ» օրաթերթի օգոստոսի 24-ի թիվ 150-րդ թողարկման մեջ հրապարակված «Ստուգումների արդյունքում բյուջեից փողեր են մսխվում, արդյունքը` զրո» վերնագրով հոդվածում տեղ են գտել անճշտություններ և ապատեղեկատվություն: Տարակուսանք է հարուցում նաև այն փաստը, որ հոդվածում բանախոս Մարտուն Մաթևոսյանը փաստում է Բնապահպանական պետական տեսչության կողմից ստուգումների թվի էական նվազման մասին` շեշտելով այլ մարմինների կողմից իրականացվող ստուգումների թվի աճը, սակայն հոդվածագիրը համառորեն հոդվածը կառուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գործունեության մասին չճշտված և սխալ տեղեկատվության վրա: Հրապարակված անճշտությունների առիթով ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է. 1. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տեսուչներն ունեն անտառխախտման փաստի արձանագրման և դրանք ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության վարույթին հանձնելու իրավասություն, ինչի մասին է վկայում միայն 2016թ․«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից տեսչությանը ներկայացված 47 անտառխախտման վերաբերյալ արձանագրությունը, իսկ 2015թ՝ 86-ը։ Ստացված արձանագրությունների հիման վրա Բնապահպանական պետական տեսչությունը կազմել է համապատասխան թվով վարչական տուգանքի և շրջակա միջավայրին պատճառած վնասի հատուցման որոշումներ և ուղարկել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացք տալու նպատակով։ 2. Ընդհանուր առմամբ 2015թ․ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության կողմից հայտնաբերվել է 2660 ապօրինի հատված ծառ, որից 1356-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքներում: 2015թ․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 10-ը մասնաճյուղերում կատարած տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցում՝ 31.87 մլն․դրամի չափով։ Կատարած 10-ը ստուգումներից 4-ը եղել են տեսչական պլանային ստուգումներ, իսկ 6-ը հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների ահազանգերի հիմքով` իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Ստուգայցերն և ուսումնասիրություններն ընթացել են ՀՀ ոստիկանության, ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 3. 2016թ․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում բնապահպանական տեսչությունն իրականացրել է ընդամենը մեկ ստուգում («Տաշիրի մասնաճյուղ»), այն էլ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում կայացրած որոշման հիմքով՝ մասնագիտական եզրակացություն տալու համար։ Նույն 2016թ․ 7 ամսում պլանային ստուգումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում առ այսօր չեն իրականացվել: Չնայած դրան, Բնապահպանական պետական տեսչության կազմակեպած շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 205 դեպք, ինչի արդյունքում կազմվել է 205 վարչական տուգանքի ակտ՝ 20.5 մլն․դրամի չափով և հաշվարկվել 22.1 մլն․դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս: 2015 թվականին տեսչության կատարած շրջայցերի արդյունքում հայտնաբերվել էր փայտանյութթի տեղափոխման 51 դեպք․ինչի ադյունքում կազմվել էր 51 վարչական տուգանքի ակտ՝ 5.1 մլն․դրամի չափով և հաշվարկվել է 2.4 մլն․դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս։ 4. Դրանից բացի, 2016թ. տեսչությունն իր իրավասության սահմաններում հայտնաբերված ապօրինի անտառխախտումների համար կազմել է ևս 11.7 մլն․դամի վնասի հատուցման ակտ, իսկ 2015թ․՝ 20.98 մլն․դրամի 322 վարչական տուգանքի ակտ և 9.993 մլն․դրամի վնասի հատուցման ակտ։ «Հրապարակ» օրաթերթի խմբագրակազմին և լրագրողին հորդորում ենք բնապահպանության վերաբերյալ հոդվածներ հրապարակելիս ներկայացնել նաև ոլորտի պատասխանատու գերատեսչության կարծիքը` սխալներից և ապատեղեկատվությունից խուսափելու համար: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն