ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.08.2016
ՓՄՁ-ների համար մշակվել է մաքուր արտադրության ուղեցույց

ՀՀ Լոռու մարզում կայացել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ՌԱՄԱ (Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն) շահագրգիռ կողմերի հինգերորդ համաժողովը, որն ուղղված է խթանելու փոքր և միջին ձեռնարկություններում թափոնների կրճատմանն ու օգտագործմանը: ՌԱՄԱ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավորությամբ, «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green) ծրագրի շրջանակներում: Համաժողովն ուղղված է Հայաստանում ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն ծավալելու մտածելակերպի, սկզբունքների, տերմինաբանության տեղայնացմանը և զարգացմանը, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների, պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումների իրականացմանը: Այն կազմակերպվում է շահագրգիռ խմբերի միջև համագործակցության խթանման և փոխըմբռնման դյուրացման նպատակով: «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը անցում կատարելու դեպի կանաչ տնտեսություն և, այդուհանդերձ, առանձնացնելու տնտեսական աճի գործառույթը ռեսուրսների սպառումից և բնապահպանական դեգրադացիայից: Համաժողովին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, Եվրամիության "Կանաչ տնտեսություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում" (EaP GREEN) ծրագրի պատասխանատու պարոն Խաչիկ Հակոբյանը, ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ պարոն Հովհաննես Թադևոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության համագործակցության պատասխանատու պարոն Ջոն Բարկերը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ծրագրերի ղեկավար տիկին Անահիտ Սիմոնյանը: Խաչիկ Հակոբյանը, ողջունելով կանաչ տնտեսվարման սկզբունքների ներդրման քաղաքականությունը՝ մասնավորապես նշել է. "Ծրագրի շրջանակներում ստեղծվող ՌԱՄԱ ակումբները շարունակական կերպով կծառայեն Հայաստանում կանաչ տնտեսության ներդրմանը: Ծրագրի շրջանակներում վերապատրաստված փորձագետներն ու մշակված ուղեցույցերն առկա տեխնոլոգիական լուծումները ՌԱՄԱ ակումբների միջոցով հասանելի կդարձնեն տնտեսվարողների համար": Վերջինս հայտնել է նաև, որ ծրագրի ավարտին ակնկալվում է ստեղծել կանաչ տնտեսության ազգային կենտրոն: Համաժողովի ընթացքում ներկայացվել են «Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն ՓՄՁ ների համար» ուղեցույցի հիմնարար սկզբունքները, քննարկվել են ռեսուրսների արդունավետ օգտագործման և մաքուր արտադրության մեթոդաբանությունը, ներկայացվել է ՌԱՄԱ փորձաքննություն անցած ՓՄՁ-ների փորձը։ Բիզնեսի զարգացման, մրցունակ արտադրանքի ստեղծման, շուկայական տնտեսությունում գործող ցանկացած ընկերության համար անհրաժեշտ է էկոլոգիապես անվտանգ, աշխարհում ընդունված մեթոդների, միջոցների ու գործիքների ներդրումը: Այս նպատակին էլ կծառայի մշակված ուղեցույցը: