ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.07.2016
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Գերմանիայի վերակառուցման բանկի /KFW/ Հարավային Կովկասի տարածաշրջանի նորանշանակ տնօրենին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է KFW բանկի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Եվա Վիտտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն պարոն Լարս Օերմանն ավարտում է իր լիազորությունները՝ փոխանցելով դրանք նորանշանակ տնօրեն Քլաուս Վայգելին: ՀՀ բնապահպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով գործող տնօրեն Լարս Օերմանին և բարձր գնահատելով սերտ ու վստահելի համագործակցության փորձը, հույս է հայտնել, որ ձևավորված գործընկերային հարաբերությունները կշարունակվեն նաև Քլաուս Վայգելի տնօրինության ժամանակահատվածում: Քլաուս Վայգելը շնորհակալություն է հայտնել մաղթանքի համար և շեշտել. <<Ես բազմիցս լսել եմ ՀՀ բնապահպանության նախարարություն – KFW բանկ վստահելի համագործակցության մասին և կանեմ առավելագույնն այդ կայուն հիմքերն ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ>>: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ բնապահպանության նախարարության և KFW բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերը: Անդրադառնալով առաջիկա անելիքներին, մասնավորապես՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պահպանության և արդյունավետ կառավարման վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին, KFW բանկի ներկայացուցիչները նշել են, որ ներկայում տարվում են աշխատանքներ՝ որոնց արդյունքում առաջիկայում նախատեսվում է կնքել համագործակցության պայմանագիրը: