ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.07.2016
Վիեննայում կայացել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների երրորդ արտահերթ հանդիպումը

2016 թվականի հուլիսի 22-23-ը Վիեննայում կայացել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների երրորդ արտահերթ հանդիպումը, որին նախորդել էին բաց կազմով աշխատանքային խմբի 37-րդ և 38-րդ հանդիպումները՝ կլիմայի փոփոխությանը նպաստող հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ-ներ) փուլային կրճատման մասին միջազգային բանակցությունների անցկացման նպատակով։ Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել մի շարք կլոր սեղան-քննարկումներ, որոնք պետք է հիմքեր ստեղծեն 2016 թվականին Մոնրեալի արձանագրության հերթական ուղղումն ընդունելու համար, որի շնորհիվ հնարավոր կլինի օզոնային շերտի վերականգնման հարցում օգտագործել արդյունավետ համարվող մեխանիզմներ բնապահպանական կարևորագույն խնդրի՝ ՀՖԱ-ների կրճատման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունից արտահերթ հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիաննա Ղահրամանյանը: Խ.Հակոբյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համատեղ իրականացվող և նախատեսվող ոլորտային ծրագրերը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին և կարևորելով կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցությունը մեղմելու ուղղությամբ ձեռնարկվող միասնական ջանքերը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր ելույթում մասնավորապես նշել է. ՀՖԱ-ների կրճատման վերաբեյալ Մոնրեալի արձանագրության ուղղման շնորհիվ մենք կկարողանանք ձեռնարկել կարևորագույն միասնական քայլերից մեկը՝ կլիմայի փոփոխության վատագույն ազդեցությունները կանխարգելելու և Երկիր մոլորակի յուրաքանչյուր անկյունում բնակվող մարդկանց ապագան պաշտպանելու համար։ Հայկական կողմը, համաձայնելով վերոհիշյալ մտքերի հետ, ընդգծել է, որ մարդիկ կարող են և պարտավոր են հոգ տանել այն մոլորակի մասին, որտեղ ապրում են: