ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.11.2017
Ջրային հաշվեկշռի որոշումը կնպաստի հանրապետության գետավազանների ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարմանը

Գործադիրը հավանություն է տվել Ըստ գետավազանների ՀՀ ջրային հաշվեկշռի որոշման մեթոդին, որով կսահմանվի ջրաէկոհամակարգի վրա մարդածին ներգործության սահմանային թույլատրելի նորմ: Այն մշակվել է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա: Ջրային հաշվեկշռի որոշումը կնպաստի հանրապետության գետավազանների ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարմանը, ինչպես նաև էկոլոգիական հավասարկշռության պահպանմանը: Ըստ հիմնավորման՝ ջրային հաշվեկշռի կազմումը հանդիսանում է գետավազանային պլանավորման կարևորագույն քայլերից մեկը։ Մասնավորապես, այն հնարավորություն կտա ստացված տեղեկատվության հիման վրա ջրօգտագործման թույլտվությունների տրման միջոցով սահմանել գետավազանային պլանավորման իրատեսական նպատակներ և, ըստ այդմ, բացահայտել գետավազանի ջրային ռեսուրսների պատշաճ պահպանումը և կառավարումն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառումները։