Սույն թվականի հուլիսի 21-ին "Անի Պլազա" հյուրանոցում մեկնարկել է բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված "Կոշտ կենցաղային թափոնների կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար" ուսուցողական երկօրյա աշխատաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող "Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար" ծրագրի շրջանակներում: Ուսուցողական աշխատաժողովին մասնակցում են թափոնների կառավարման ոլորտին առնչվող ներկայացուցիչներ՝ հրավիրված ՀՀ բոլոր մարզերից, բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժիններից, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ: Ի կատարումն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված "Կայուն օրգանական աղտոտիչների մասին" Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների, կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով: Ինչպես նշել է Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ տիկին Անահիտ Ալեքսանդրյանը, ներկայիս գլոբալ հիմնախնդիրներից մեկը, որը սերտ կապակցված է կայուն զարգացման ապահովման խնդիրների հետ, շրջակա միջավայրի և բնակչության պաշտպանությունն է կայուն օրգանական աղտոտիչների և հատկապես՝ դիօքսինների և ֆուրանների ազդեցությունից: Շատ գիտնականներ դիօքսինները համարում են գերթունավոր նյութեր, իսկ մարդկության համար դրանց ներկայացրած սպառնալիքը` "դանդաղ զարգացող աղետ": Այս ծրագիրը նպատակաուղղված է դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատմանը բաց այրման աղբյուներից: Թափոնների բաց այրումը, ցավոք, աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ և համեմատած արագ եղանակ է: Աղբավայրերի տարածքում կենցաղային և արտադրական թափոնների բաց այրումը շրջակա միջավայրում դիօքսինների հիմնական աղբյուր է: Այդ հարցը արդիական է մեր երկրի համար, քանի որ հանրապետությունում բացակայում են թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարաններ, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոններ: Քանի որ նոր աղբավայրերի և պոլիգոնների ստեղծումը կպահանջի ժամանակ և ներդրումներ, ուստի սույն ծրագիրը կոչված է ցուցադրելու, որ կարելի է համեմատաբար ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների և համապատասխան ֆինանսավորման սխեմաների առկայության դեպքում ավելի լավ կառավարել հին աղբավայրերը` կտրուկ նվազեցնելով հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները, միևնույն ժամանակ ակնկալելով նոր առաջնակարգ պոլիգոնների ստեղծում: Ուսուցողական աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ տիկին Էվելին Լաուրիտոյի կողմից կներկայացվեն կոշտ կենցաղային թափոնների ինտեգրված կառավարման առավելությունները, ոլորտի մարտահրավերները, առաջացող թափոնների ծավալների նվազեցմանը և կանխարգելմանը նպատակաուղղված միջոցառումները, ինչպես նաև "Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պլանի" նկարագիրը: Տիկին Ա. Ալեքսանդրյանը կներկայացնի ՀՀ թափոնների գործածության ոլորտը կարգավորող ՀՀ գործող օրենսդրությունը և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Ուսուցողական աշխատաժողովի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր: