Կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհուրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, տարբեր բուհերի և ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետներ: Նիստը վարել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում Ջրային ռեսուրսների երկրորդային օգտագործման ներդրման անհրաժեշտությունը, Ջրային պետական կադաստրի առկա վիճակը և կատարելագործման հեռանկարները, ինչպես նաև տեխնիկական համակարգերում նանոտեխնոլոգիաների կիրառման փորձն աշխպարհում և տեղայնացման հնարավորությունները Հայաստանում: ՀՀ ԲՆ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գ. Մանուչարյանը, անդրադառնալով Հայաստանում ջրային ռեսուրսների երկրորդային օգտագործման խնդրին, նշել է, որ դրա ներդրումը մեծ նշանակություն կունենա հատկապես Արարատյան դաշտի համար, քանի որ այս տարածքում են գտնվում և գործում հանրապետությունում գրանցված ձկնաբուծական տնտեսությունների, ինչպես նաև խորքային հորերի մեծ մասը: Այն հանգամանքը, որ խորքային հորերից վերցված ջրերը ձկնաբուծության նպատակով օգտագործելուց հետո լցվում են Մեծամոր, Հրազդան և վերջին հաշվով՝ Արաքս գետերը, անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ձկնաբուծության նպատակով օգտագործելուց հետո ջրերի մաքրման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործելու համար: Վերջինս նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով նշված խնդիրները վերհանելու և լուծման ուղղությամբ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավրման գործակալության պետ Վ. Դավթյանը, ընդգծելով Ջրային պետական կադաստրի նշանակությունը՝ որպես ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գործընթացի ներդրմանն աջակցող կարևորագույն կառավարման գործիք, և կարևորելով դրա հասանելիության անհրաժեշտությունը, նշել է, որ այդ ուղղությամբ 2015-ին իրականացվել են մի շարք գործողություններ: Մասնավորապես՝ ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատրելուց հետո սահմանվել է դրույթ, ըստ որի Ջրային պետական կադաստրից տվյալների տրամադրումն անվճար է: Համաձայն վերոնշյալ օրենսգրքի և ՀՀ վարչապետի 2016 թվականի մարտի 23-ի N 196-Ա որոշման` մինչև 2016 թվականի տարեվերջ պետք է մշակվի և ՀՀ կառավարության հաստատամանը ներակայացվի <<Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում առավել հստակ կամրագրվեն շահագրգիռ նախարարությունների կողմից ներկայացվող տեղեկատվության հետ կապված խնդիրները: Ջրային պետական կադաստրի կատարելագործման խնդիրները հիմնականում կապված են տեղեկատվական բազայի ծրագրային թարմացման հետ, որը հնարավորություն կտա մուտքագրել ավելի շատ տվյալներ և ստանալ համապատասխան տեղեկատվություն: Այս նպատակով արդեն իսկ կազմվել է տեխնիկական առաջադրանք, ինչը ներկայացվել է դոնոր կազմակերպություններին և համաձայն նախնական պայմանավորվածության 2017թ.-ին ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում կմեկնարկեն տեղեկատվական բազայի ծրագրի թարմացման աշխատանքները: «Նանոտեխնոլոգիաների կիրառությունը տեխնիկական համակարգերում» ելույթով հանդես է եկել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Նյութերի տեխնոլոգիաների և էլեկտրոնային տեխնիկայի համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Գևորգյանը: Բանախոսը նշել է, որ նանոտեխնոլոգիաները համեմատաբար նոր ճյուղ են հանդիսանում և դրանց հիմնական կիրառման ոլորտներն են՝ ագրոարդյունաբերական համալիրը, շինարարությունը, բնակարանային և կոմունալ ծառայությունները, բժշկությունը, էկոլոգիան և այլն: Նանոնյութերը օժտված են համալիր ֆիզիկական, քիմիական հատկություններով և կենսաբանական ակտիվությամբ, որոնք հաճախ տարբերվում են նույն նյութերի հատկություններից և ցուցաբերում են հետևյալ առավելությունները. քիմիական կայունություն, մանրէասպան հատկություններ, ջերմահաղորդականության նվազեցում, օգտագործման հարմարավետություն, մատչելիություն: Վ. Գևորգյանը նաև հավելել է, որ նանոտեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արդյունաբերական թափոնների վերամշակման ժամանակ, նանոբաղադրիչները օգտագործվում են բժշկական սարքավորումների, ինչպես նաև բիոցիդային հատկություններ ունեցող սննդային ապրանքների արտադրության մեջ՝ նվազեցնելով արտադրության ժամանակ վարակվելու ռիսկերը: Թեմայի շրջանակներում ելույթ է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անահիտ Ալեքսանդրյանը: Վերջինս նշել է, որ նանոտեխնոլոգիաների օգտագործումը շատ ոլորտներում ունի զգալի առավելություններ, սակայն դեռևս պարզ չէ, թե որքանով են այդ նյութերն անվտանգ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Բանախոսը փաստել է, որ այսօրվա տվյալներով աշխարհում սահմանափակ են մարդու օրգանիզմի և կենդանիների վրա նանոմասնիկների երկարատև ազդեցության մասին տվյալները: Այս առումով առավել կարևոր նշանակություն ունի նանոնյութերի ազդեցությամբ պայմանավորված ռիսկի գնահատումը և քիմիական նյութերի անվտանգ արտադրության և դրանց պատշաճ օգտագործման օրենսդրության կատարելագործումը: Ամփոփելով նիստը՝ Ս. Պապյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին կարևոր հարցերի վերհանման և շահագրգիռ ու արդյունավետ քննարկման համար: