ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.07.2016
Էկոտուրիստական դասընթացներ Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանակներում

Ապագա առաջնորդների փոխանակման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 8-10-ը ՀՀ Վայոց ձորի տարածքում անցկացվել է Yօuthink EcoArmenia-ն եռօրյա էկոկրթական ճամբար: Ճամբարի նպատակն էր խրախուսել երիտասարդների մասնակցությունը տեղական և տարածաշրջանային զարգացումներին՝ կենտրոնանալով տուրիզմի և բնապահպանության ոլորտների վրա և մասնակիցներին տեղեկություններ տրամադրել Հայաստանի ժամանցային հանգստի ու տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ուղիների մասին։ 160 դիմորդներից ընտրվել էին 25 մասնակից, ովքեր հնարավորություն ստացան ծանոթանալու վայրի բնության մեջ գոյատևելու արշավականի հմտություններին (արշավներ, վրանի տեղադրում, սննդի հայթայթում և պատրաստում և այլն): Իրականացվել է քայլարշավ դեպի Վիմափոր եկեղեցի: Մասնակիցների համար կազմակերպվել էին էկոդասընթացներ, որոնք վարել են ՀՀ բնապահպանության նախարարության էկոտուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը (թեմա՝ էկոտուրիզմ), Վայք հյուրանոցի գործադիր տնօրեն Արգիշտի Միքայելյանը (թեմա՝ ագրոտուրիզմ), Armenian Extreme Club-ի հիմնադիր Արուս Եփրեմյանը (թեմա՝ արշավների անվտանգություններ և առանձնահատկություններ): Միջոցառման շրջանակներում ոչ միայն արժեքավոր գիտելիքներ փոխանցվեցին մասնակիցներին, այլ նաև վերանայվեց մասնակիցների կազմած տուրիստական զբոսաշրջային փաթեթները և մասնագիտական խորհուրդներ տրվեցին դրանք կատարելագործելու համար: