Հայաստանում ռազմավարական էկոլոգիական գնահատման գործնական կիրառման ուսուցողական աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ-ի ԵՏՀ) հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամի ազգային գրասենյակի (ԿՏԲԿ) ջանքերով, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանաչ տնտեսություն Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրներում»՝ EaP GREEN ծրագրի շրջանակներում: Այն անցկացվում է «Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարական պլանի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի» շրջանակում: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ բնապահպանության, առողջապահության և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, Եվրամիության պատվիրակության, ՄԱԿ Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի, ՌԷԳ ազգային և տարածաշրջանային ներկայացուցիչներ: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ողջունելով և կարևորելով ազգային և տարածաշրջանային մակարդակով ռազմավարական էկոլոգիական գնահատման գործնական կիրառման անհրաժեշտությունը, իր խոսքում մասնավորապես նշել է. <<Պետական մարմինների կողմից մշակվող ռազմավարական փաստաթղթերի էկոլոգիական գնահատման մշակույթի ներդրման արդյունքում գերատեսչությունների գործունեությունը կդառնա բնապահպանական տեսանկյունից առավել մաքուր և կանաչ տնտեսության սկզբունքներին համահունչ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ՌԷԳ մեթոդական ձեռնարկ պետական գերատեսչությունների համար, ինչը կնպաստի միասնական չափանիշներով գնահատման փաստաթղթային փաթեթի նախապատրաստմանը>>: Տարեսկզբից պարբերաբար անցկացվող աշխատաժողովները նպատակ ունեն աջակցելու «Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարական պլանի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի» իրականացմանը: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են. • ՌԷԳ մեկտեղման փուլի հիմնական բացահայտումները և զեկույցում դրանց ներառմանն աջակցելու հնարավորությունները, • իրավական խորհրդատուների մասնակցության դյուրինացումը փորձացուցադրական ՌԷԳ գործընթացին՝ ազգային իրավական պահանջներին համապատասխան, • ազգային ՌԷԳ փորձագետների–փորձացուցադրական ՌԷԳ թիմի անդամների պատրաստման հարցերը, որոնք ինքնուրույն կիրականացնեն գնահատում և կպատրաստեն ՌԷԳ զեկույց, • ազգային ՌԷԳ փորձագետներին աջակցելու մեխանիզմները՝ ՌԷԳ հանրային լսումներին նախապատրաստվելու հարցում. լսումները կանցկացվեն ազգային իրավական պահանջներին և միջազգային լավագույն փորձին համապատասխան: Միջոցառումը կմիավորի համապատասխան ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներին (ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության), ինչպես նաև այն փորձագետներին, որոնք ներգրավված են ՌԷԳ փորձացուցադրական գործընթացում: Աշխատաժողովը կանցկացվի ինտերակտիվ աշխատանքների ձևաչափով՝ ՄԱԿ ԵՏՀ միջազգային ՌԷԳ խորհրդատուների կողմից: