ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.06.2016
Կայացել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքների ամփոփումը և համանուն ձեռնարկի շնորհանդեսը

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի է ունեցել «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքների ամփոփումը և համանուն ձեռնարկի շնորհանդեսը: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՄԱԶԾ-ի Բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով ծրագրում ներգրավված բոլոր կառույցներին և անհատներին, բարձր են գնահատել միասնական ջանքերով իրականացված աշխատանքի դրական արդյունքը: Սիմոն Պապյանն իր խոսքում մասնավորապես նշել է. "Այս ծրագրի իրականացման գործընկերային սկզբունքն առաջին անգամ միավորեց պետական մարմիններին, մասնավոր հատվածին, միջազգային կազմակերպություններին և այն իրականացնող հասարակական սեկտորին: Առաջին անգամ փորձ է արվել բնապահպանական տեսանկյունից գնահատելու ՓՀԷԿ-երի գործունեությունը: Ծրագրի առջև դրված խնդիրներն ըստ էության լուծված են. 87 ՓՀԷԿ-ում իրականացվել է մշտադիտարկում, վեր են հանվել հիմնական բնապահպանական խնդիրները: Արդյունքում՝ առկա տեղեկատվության հիմքի վրա դարձյալ փոխգործակցության շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվում իրավիճակը շտկելու ուղղությամբ: ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հանձնարարվել է մշակել առողջացման ծրագիր յուրաքանչյուր փոքր ՀԷԿ-ի համար: Այս շրջանակներում կազմակերպվել են խորհրդակցություններ, ՓՀԷԿ-երի սեփականատերերի հետ համատեղ քննարկումներ: Գործընթացը շարունակվում է: Սա, կարծում եմ, խնդրի լուծման ամենաարդյունավետ ուղին է: Խնդրի համալիր լուծման ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում՝ կապված նորմատիվային դաշտի կատարելագործման, Ջրային օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելու հետ և այլն: Հուսամ, ծրագիրը շարունակական բնույթ կկրի և հնարավոր կլինի ուսումնասիրություն կատարել մնացած ՓՀԷԿ-երում ևս": Սիմոն Պապյանը նշել է, որ այս պահին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում /www.mnp.am/տեղադրված է և շրջանառության մեջ է գտնվում կառավարության որոշման նախագիծը գետերի ծանրաբեռնվածության սահմանային թույլատրելի չափը սահմանելու վերաբերյալ, ինչպես նաև Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի նոր տարբերակը՝ այս կապակցությամբ հարցով շահագրգիռ անձանց և կազմակերպություններին խնդրելով ներկայացնել իրենց առաջարկություններն ու կարծիքները՝ լրամշակման ընթացքում դրանք հաշվի առնելու նպատակով: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է «Մենք, փոքր ՀԷԿ-երը. NO COMMENTS» տեսահոլովակը: Հիշեցնենք, որ 2014-2016թթ. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրը: Ծրագիրն ամփոփված է, տեղեկատվական ձեռնարկում ներկայացված են այն խնդիրները, որոնք բացահայտվեցին 87 ՓՀԷԿ-երի մոնիտորինգի արդյունքում, ինչպես նաեւ ներկայացված է Ազգային ժողովին, ՓՀԷԿ ոլորտին առնչվող նախարարություններին, գերատեսչություններին, զարգացման բանկերին, ՓՀԷԿ-երի սեփականատերերին ուղղված առաջարկությունների փաթեթ: «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: