ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.06.2016
Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական`4-րդ նիստը

Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական` 4-րդ նիստը: Հասարակական խորհրդի անդամների կողմից ձևավորված օրակարգում ընդգրկվել էին Բնապահպանական պետական տեսչության գործունեության, Երևան քաղաքի էկոլոգիական վիճակի, տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ կառավարության որոշումների և բուսական ու կենդանական աշխարհին հասցված վնասի սակագների մասին օրենքի վերանայմանը վերաբերող հարցեր: Հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բացելով նիստը` խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, ինչից հետո խոսքը փոխանցել է առաջին հարցը զեկուցողին: Խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկությամբ, օրակարգային առաջին հարցի շրջանակներում, ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը ներկայացրել է 2015 թվականի և 2016 թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ բանախոսի, ՀՀ բնապահպանական պետական տեսչությունը 2015թ. իրականացրել է ստուգումներ 128 կազմակերպություններում և ֆիզիկական անձանց մոտ: Ստուգումների մեծ մասն իրականացվել են մինչև 2015թ․ հուլիսի 30-ը, երբ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են տեսչական ստուգումները։ Կատարված տեսչական ստուգումների, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների տեղափոխման և օգտագործման օրինականության պահպանման նպատակով կազմակերպված ստուգայցերի և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերվել է 872 խախտում: Կազմվել է վարչական տուգանքի 794 ակտ` 61,3 մլն.դրամ ընդհանուր գումարով: Կազմվել է 198.77մլն.դրամ վնասի հատուցման 535 արձանագրություն: 2015թ. առգրավվել է 820.7կգ. խեցգետին, 2062.2 կգ «սիգ» տեսակի ձուկ, 443 հատ ձկնագողության պարագա, իսկ 2016 թվականի առաջին կիսամյակում` 38.30կգ խեցգետին, 1802 կգ «սիգ» տեսակի ձուկ: Բնապահպանական պետական տեսչությունը 2015 թվականին ՀՀ անտառային, ընդհանուր օգտագործման անտառածածկ և հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ կատարած վերահսկողության արդյունքում հայտնաբերել է 432 խախտում, ինչի համար 373 իրավախախտի ենթարկել է 27.1 մլն․դրամ վարչական տուգանքի և նրանց նկատմամբ կազմվել է շրջակա միջավայրին պատճառած վնասի 401 ակտ՝ 128.86 մին․դրամի չափով: Ընդհանուր առմամբ 2015 թվականին հայտնաբերվել է 2710 հատ ապօրինի հատված ծառ, ինչը հսկողության ուժեղացման արդյունք է։ ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետը պատասխանել է Խորհրդի անդամների բարձրացրած հարցերին: ‹‹Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա›› ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն իր զեկույցում բարձրացրել է այն հարցը, թե որքանով է Երևանում իրականացվող քաղաքաշինությունը նպաստում մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, աղետների ռիսկերի նվազեցմանը` մասնավորապես կլիմայի փոփոխության պայմաններում: Բանախոսը շեշտել է, որ հետխորհրդային տարիներին Երևանի կանաչ տարածքներն էականորեն կրճատվել են և խնդիրը պետք է ուշադրության կենտրոնում պահել: Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը կարևորել է քաղաքաշինական որոշումներ կայացնելու ժամանակ բնապահպանական նորմերի առաջնայնության պահպանումը: «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտային օդին, հողային ու ջրային ռեսուրսներին հասցված վնասի վերաբերյալ կառավարության որոշումների և բուսական ու կենդանական աշխարհին հասցված վնասի սակագների մասին օրենքի վերանայման անհրաժեշտությունը։ Է. Գրիգորյանն առաջարկել է, որ արձանագրված բնապահպանական խախտումների համար սահմանված տույժերի մի մասը տրամադրվի տվյալ տարածքի պահպանությունն իրականացնող և խախտում հայտնաբերած սուբյեկտներին /տեսչական մարմիններին, համայնքներին այլ վերահսկող մարմիններին/, որպեսզի բարձրացվի նրանց շահագրգռվածությունը, ինչի արդյունքում նաև կավելանա բացահայտումների թիվը: ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը կարևորելով վերահսկողական մեխանիզմների բարելավումը և լիազոր մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը` հանձնարարել է բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին քննարկել Խորհրդի նիստում հնչած առաջարկությունը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների առաջարկությունները: Ամփոփելով քննարկումները` Հասարակական խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, նկատել, որ Խորհրդում բարձրացված հարցերը նպաստում են ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը և ծառացած բնապահպանական խնդիրների լուծմանը: