ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.06.2016
Կլիմայական ռիսկերի միասնական կառավարումը՝ գլոբալ օրակարգի առաջնահերթություն

Այսօր Երևանում մեկնարկել է եռօրյա աշխատաժողով - խորհրդակցություն՝ նվիրված ՄԱԶԾ Կլիմայական ռիսկերի միասնական կառավարման ծրագրի առաջին փուլի արդյունքների գլոբալ փոխանակմանը: Շվեդիայի կառավարության աջակցությամբ ֆինանսավորվող և ՄԱԶԾ Ճգնաժամերի կանխման և վերականգնման գրասենյակի կողմից իրականացվող «Կլիմայական ռիսկերի միասնական կառավարում» ծրագիրը նախատեսված է 2013-2016թթ. համար: Ծրագրի առաջին փուլն իրականացվում է վեց երկրներում` Հայաստան, Հոնդուրաս, Ինդոնեզիա, Քենիա, Նեպալ և Ուգանդա: Ծրագրի նպատակն է օգնել այդ երկրներին կլիմայի ռիսկերի մասին տեղեկացվածության միջոցով իրենց կարողությունները ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի վերջիններս կարողանան դիմակայել կլիմայի փոփոխության և դրա հետևանքով առաջացող բնական վտանգներին: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան, Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեֆան Էրիկսոնը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը: Վերջիններս, կարևորելով գլոբալ կլիմայական մարտահրավերներին միասնական կերպով դիմակայելու գաղափարը, արդյունավետ աշխատանքային օրեր են մաղթել մասնակիցներին և հույս հայտնել, որ միջոցառումը կունենա իր ցանկալի արդյունքը: Այս աշխատաժողովը հնարավորություն կընձեռի համախմբել բոլոր վեց մասնակից երկրներում ձեռք բերված արդյունքներն ու լավագույն փորձը և կիսել դրանք միմյանց հետ՝ միջամտությունների արդյունավետությունը գլոբալ մակարդակով բարելավելու նպատակով: Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև այդ արդյունքների վերարտադրելիության հարցերը, և կլիմայական ու աղետների աճող ռիսկերին դիմակայելու նպատակով՝ դրանք կապվելու են ավելի լայն՝ գլոբալ գործընկերային նախաձեռնությունների և աջակցության ցանցերի հետ: Այս առումով, մասնակիցները կքննարկեն ՄԱԶԾ-ի կողմից առաջարկվող միասնական գործիքակազմը, որը պետք է նպաստի աղետների ռիսկերի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերը Զարգացման օրակարգի մեջ ընդգրկելուն, ինչպես նաև երկրների կողմից ծրագրի երկրորդ փուլին և նոր գլոբալ գործընկերության <<5-10-50>> նախաձեռնությանը նախապատրաստվելուն: Աշխատաժողովի շրջանակներում նախատեսվում է այց Վայոց Ձորի մարզ՝ ծանոթանալու ծրագրի շրջանակներում իրականացվող "Կլիմայի նկատմամբ դիմակայուն գյուղական համայնքներ" ցուցադրական ծրագրին: