ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է <<Հայկական Փի Ար ասոցիացիա>> գիտատեղեկատվական ՀԿ-ի կազմակերպած PR մրցանակաբաշխությանը: Բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները, ինչպես նաև առկա հիմնահարցերը հետևողականորեն լուսաբանելու համար ՀՀ բնապահպանության նախարարությունը հատուկ մրցանակ է շնորհել «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության համանուն կայքին: Ողջունելով <<Հայկական Փի Ար ասոցիացիա>> գիտատեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչների` նման ձևաչափով մրցանակաբաշխության կազմակերպումը` իր խոսքում բնապահպանության նախարարի տեղակալը կարևորել է հասարակական կապերի դերը բնապահպանական խնդիրների հանրային իրազեկման և դրանց լուծման գործում: Խաչիկ Հակոբյանը բարձր է գնահատել «Էկոլուր» կայքի գործունեությունը և հանձնել խորհրդանշական մրցանակը` ՀՀ բույսերի և կենդանիների կարմիր գրքերը, համոզմունք հայտնել, որ հետագայում էլ կայքը կշարունակի օբյեկտիվ տեղեկատվության տարածումը և կիրականացնի կառուցողական երկխոսության հարթակի իր առաքելությունը` պատասխանատու պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, տնտեսվարող սուբյեկտների և անհատների միջև: