ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2016
ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացվել բնապահպանության ոլորտին առնչվող որոշումներ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման և «Հարավային ջրավազանային կառավարման տարածքի կառավարման պլանի 2016-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագծերը: Նախագծերի հիմնական նպատակն է հավասա¬րակշռել ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբե¬րությունները և ապահովել ջրային ռեսուրսների ռացիոնալ և արդյունավետ օգտագործումը: Նախագծերով հաշվարկվել է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսները՝ ներառյալ օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները, կատարվել է ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծություն, հաստատվել են Հարավային ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված 10 առաջնահերթ միջոցառումները: Կատարվել են ջրային ռեսուրսների վրա ճնշումների վերլուծությունը և ազդեցությունների գնահատումը և սահմանված նպատակների իրագործման համար առաջարկվել է միջոցառումների ծրագիր` նախնական ֆինանսական գնահատմամբ: Նախագծերով առաջարկվել են նաև ինստիտուցիոնալ դաշտի հզորացման և տեխնիկական միջոցառումներ, ինչպես նաև մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիտորինգի նոր ծրագրեր` նախնական ֆինանսական գնահատականներով և ֆինանավորման աղբյուրներով: Նախագիծը համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ և քննարկվել մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում: Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: