Հայաստանի բնության պետական թանգարանում ՀՀ բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի համատեղ ջանքերով նշվել է Կենսաբազմազանության միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, ՀՀ ԲՆ կից հասարակական, գիտատեխնիկական խորհուրդների անդամներ, լրագրողներ: Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով օրվա խորհուրդը, մասնավորապես նշել է. <<Կենսունակ էկոհամակարգերը և կայուն կենսաբազմազանությունը մարդկության գոյության կարևորագույն նախապայմաններից են, որոնք ընձեռում են հասարակության զարգացման և տնտեսական աճի լայն հնարավորություններ: Սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով կենսառեսուրսների կառավարումը պետք է լինի կշռադատված և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը հասցվի նվազագույնի: Կենսաբազմազանության պաշտպանության հրատապությունն ընդգծելու նպատակով 1992-ի հունիսի 5-ին ՄԱԿ-ը ստորագրման համար բացել է<<Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիան, որն ընդունվել է 1993թ.: Այն աշխարհի ավելի քան 168 երկրների հետ վավերացրել է նաև Հայաստանի Հանրապետությունը: Կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրները, որպես առաջնային խնդիրներ, դասվում են ազգային և պետական գերակայությունների շարքում: Մեր երկրի բացառիկ հարուստ կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության հարցերում մեզ աջակցում են միջազգային բնապահպանական հիմնադրամները, որոնց հետ համատեղ ջանքերի արդյունքում մենք բազում ձեռքբերումներ , սակայն և շատ անելիքներ ունենք: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ կիսվելու իրար հետ լավ ու վատ աշխատանքների, առաջիկա անելիքների, ձեռքբերումների, բացթողումների, մտահոգությունների մասին, լսելու նոր առաջարկներ, առողջ քննադատություն, որպեսզի միասին, համատեղ ուժերով և միասնական ջանքերով վեր հանենք ոլորտի բացերը, քննարկենք հետագա անելիքներն ու խնդիրները>>: WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, իր հերթին կարևորելով օրվա խորհուրդն ու բարձր գնահատելով համատեղ ջանքերով կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները, միջոցառման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի պահպանվող տարածքների և էկոտուրիզմի զարգացման հեռանկարներին նվիրված <<Պատասխանատու Կովկաս>> ֆիլմը: ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող Գ. Մանուչարյանը ներկայացրել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված աշխատանքները և հեռանկարային ծրագրերը: Միջոցառման մասնակիցները, թեմայի շուրջ շահագրգիռ քննարկումից հետո դիտել են <<Հայաստանի կենսաբազմազանությունը>> խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը: