ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.05.2016
Պարզաբանում

«Փրկենք գայլերին» հասարակական նախաձեռնող խմբի անդամների կողմից համացանցով տարածված բաց նամակում բարձրացված մտահոգության և ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ գայլերի սպանդ ՀՀ-ում չի իրականացվում: Գայլերի որսը թույլատրվում է միայն որսաշրջանի ժամանակ: Այդ ժամանակահատվածից դուրս որսվում են միայն այն գայլերը, որոնք դուրս են գալիս իրենց բնական արեալից` մոտենալով բնակավայրերին և անասնապահական ֆերմաներին և վնաս հասցնում մարդկանց ու ընտանի կենդանիներին: Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումներն իրականացվում են համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, որով սահմանվում է. «Բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) անցկացվում են վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»: Պարգևատրման միջոցով գայլերի թվաքանակի կարգավորումը, ներկայում նրանց բնական պոպուլիացիաների պահպանման համար ամենաարդյունավետ եղանակն է, որի արդյունքում որսվում են միայն թվաքանակի աճի հետևանքով բնական արեալից դուրս մղված առանձնյակները: Գայլերի համար արհեստական կերի բազա ստեղծելը հակասում է գայլի բնական կենսակերպին: Գայլի սննդի աղբյուր հանդիսացող կենդանիների որսը Հայաստանի Հանրապետությունում մշտապես սահմանափակված է եղել, իսկ վերջին երեք տարիների ընթացքում նապաստակի և վայրի խոզի որսի թույլտվություն ընդհանրապես չի տրվել: