ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.05.2016
էկոկրթական դասընթացներ են անցկացվել «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի հարակից համայնքների և Հրազդան քաղաքի դպրոցների թվով 400 աշակերտների հետ

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն Օզոնի ազգային կենտրոնի հետ համատեղ էկոկրթական դասընթացներ է անցկացրել «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի հարակից համայնքների դպրոցների, Հրազդան քաղաքի թիվ 11 հիմնական դպրոցի թվով 400 աշակերտների համար: Նախարարության մասնագետները և միջազգային բնապահպանական ծրագրերի համակարգողները դասընթացների ժամանակ աշակերտներին մատուցել են հավելյալ գիտելիքներ Հայաստանի հարուստ բուսական և կենդանական աշխարհի և բնության ընդհանուր համակարգում նրանց դերի, հազվագյուտ բուսատեսակների և կենդանատեսակների, արևի անցանկալի ճառագայթներից պաշտպանվելու համար օզոնային շերտի և նրա պահպանման կարևորության, բնության մեջ և մարդու կյանքում ջրային ռեսուրսների դերի, դրանց խնայողական օգտագործման և պահպանման խնդիրների վերաբերյալ: Էկոկրթական դասընթացների ժամանակ ազգային պարկերի աշխատակիցները դպրոցականներին ծանոթացրել են իրենց բնակավայրերին հարակից հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենդանական և բուսական աշխարհի և այդ տարածքների պահպանման ռեժիմների հետ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները միջոցառման շրջանակներում հանդես են եկել բնապահպանական թեմայով ուսուցանող բեմականացմամբ: Դասընթացներն ուղեկցվել են դիդակտիկ հարուստ նյութերի ցուցադրությամբ: Աշակերտներին բաժանվել են թեմատիկ գրքույկներ: Դասընթացների ավարտին բնապահպան-մասնագետները պատասխանել են դպրոցականներին հուզող հարցերին: