ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մայիսի 14-ին միացել են բնապահպանական հասարակական կազմակերպությունների և բնապահպան-ակտիվիստների նախաձեռնած Սևանա լճի ափամերձ հատվածների աղբի մաքրման աշխատանքներին: Բնապահպանության նախարարության աշխատակազմի և նրա տարածքային ստորաբաժանումների մոտ 80 աշխատակից` նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ աղբից մաքրել են Սևանա լճի արևելյան ափի` գերատեսչությանը հատկացված հատվածը: Մաքրման աշխատանքներին մասնակցել են նախաձեռնությանն արձագանքած հասարակական կազմակերպությունների, դպրոցների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների մոտ 450 ներկայացուցիչ և անհատ քաղաքացիներ: ՀՀ բնապահպանության նախարարությունը «Սևան» ազգային պարկի միջոցով նախաձեռնության մասնակիցներին ապահովել էր աղբահանման միջոցների մի մասով և աղբատար ավտոմեքենաներով: Մաքրման աշխատանքներ են իրականացվել Սևանա լճի ողջ ափամերձ հատվածներում: Հավաքված աղբի մի մասը նախաձեռնող խմբի կողմից տեսակավորվել է և հանձնվելու է վերամշակող համապատասխան ընկերություններին: ՀՀ բնապահպանության նախարարությունը ողջունում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնությունը, որը կարևոր ներդրում է նախարարության ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվող աղբի մաքրման աշխատանքներում: Դրանք նաև նպաստում են հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը և բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկմանը: