Սույն թվականի մայիսի 6-ին Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղի է ունեցել վայրի կենդանիների փրկարար կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Կենտրոնը կառուցվել է <<Վայրի բնության և մշակությանի արժեքների պահպանության հիմնադրամի>> կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ֆինանսավորմամբ և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ: Կենտրոնի կառույցներից ամբողջությամբ արդեն պատրաստ է կարանտինային կայանը, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել են Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու երեք առյուծները: Հայաստանում առյուծների համար ապահովված կարանտինային փուլին կհաջորդի ևս մեկը, այս անգամ՝ բրիտանական Manor Wildlife Park-ում: Այնուհետև առյուծները կտեղափոխվեն ժամանակակից չափորոշիչներով կառուցված՝ Peak Wildlife Park-ի ապաստարան: Նախագծի շրջանակում FPWC-ի, ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև ստորագրվել է եռակողմ համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը վայրի կենդանիների միջև հնարավոր միջադեպերի կանոնակարգված, մասնագիտական կառավարում իրականացնելու հարցում: Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով անազատ և կիսաազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիների պահպանության և պաշտպանության հարցերը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր շնորհակալությունն է հայտնել վայրի կենդանիների պաշտպանության խնդրով մտահոգ և բնապահպանության նախարարության կողքին կանգնած բոլոր կազմակերպություններին և անհատներին, բոլոր նրանց, ովքեր արդեն մոտ 5 ամիս է համատեղել են ջանքերը խնդրի օրենսդրական և գործնական լուծման ուղղոււթյամբ: "Այդ ջանքերի շնորհիվ է, որ մենք այսօր հնարավորություն ունենք ներկա գտնվելու վայրի կենդանիների փրկարար կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը: Այսօր ստորագրվող միջգերատեսչական հուշագիրն էլ լրացուցիչ մեխանիզմ կդառնա, որով կամրագրվեն և կկարգավորվեն յուրաքանչյուրիս պարտավորություններն ու լիազորությունները անազատ կամ կիսաազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիների պաշտպանության կազմակերպման ընթացքում: Վստահ եմ, որ մեր համատեղ գործողությունները մոտ ապագայում տալու են իրենց ցանկալի պտուղները և որպես արդյունք՝ հասնելու ենք այս ապաստարանի կարիքն ունեցող կենդանիների թվի հնարավորինս նվազման": Հուշագրի ստորագրման ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը "Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար" գերատեսչական ոսկե մեդալներ շնորհեց <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի>> տնօրեն Ռուբեն Խաչատրյանին և Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հանձնվեց հուշանվեր և շնորհակալագիր "Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար": Հիշեցնենք, որ պարոն Ռալֆ Յիրիկյանին գերատեսչական ոսկե մեդալ շնորհվել է 2010թ. մայիսի 6-ին: Շնորհակալագիր հանձնվեց նաև Ուրցաձոր գյուղական համայնքի ղեկավար պարոն Ռաֆիկ Անդրեասյանին, ապաստարանի ստեղծման աշխատանքներում նշանակալի ներդրման և ցուցաբերած աջակցության համար: Վայրի բնության փրկարար կենտրոնի փորձագիտական խմբի կազմը կներկայացնեն FPWC-ի, ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները: Վայրի բնության մեջ կամ քաղաքային միջավայրում մարդկային գործունեության հետևանքով խոցելի իրավիճակում հայտնված (և/կամ վտանգ ներկայացնող) կենդանիներին զննելու է մասնագետների խումբը, որի եզրակացության հիման վրա, ըստ անհրաժեշտության տրամադրվելու է համապատասխան բուժօգնություն և խնամք: Դրան հաջորդելու է միջազգային ապաստարաններից կենդանիների վերադարձը վայրի բնություն: Փրկարար կենտրոնի թիրախում են լինելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկային միջամտությամբ վայրի բնությանը հասցված վնասը, անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիները, դրանց հանդեպ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը: