ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2016
Էկոկրթության և էկոտուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ մարզային դպրոցներում

ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ճանաչողական այցով եղել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշենի հանրակրթական դպրոցում: Դպրոցի տնօրինությունը որդեգրել է առողջ ապրելակերպի և էկոդաստիարակության քաղաքականությունը հանրակրթության մեջ: Ողջունելով դպրոցի էկոկրթական և գյուղատնտեսական ուղղվածությունը՝ նախարարի տեղակալը նշել է, որ նմանատիպ ուսումնական հաստատությունները օրինակելի պետք է դառնան ՀՀ մյուս դպրոցների համար և քարոզեն առողջ ապրելակերպ, հոգատարություն շրջակա միջավայրի, հայրենի բնության և բերքուբարիքի նկատմամբ: Նմանօրինակ դպրոցները կարող են զբոսաշրջիկների համար գրավիչ այցելավայր դառնալ: Դպրոցի տնօրեն Մուքոյանի ուղեկցությամբ նախարարության ներկայացուցիչները ծանոթացել են դպրոցի ակտիվ կյանքին, հանդիպել աշակերտներին, եղել ջերմատներում և հողամասերում, ուր ամեն դասարան ունի իր սեփական հողակտորը, մշակում և բերք է ստանում դրանցից: Հանդիպման ընթացքում քննարկվել են էկոկրթության տարածման շրջանակներում էկոտուրիզմի և ագրոտուրիզմի ոլորտում առաջիկա համագործակցության հեռանկարները: