ՀՀ կառավարության ապրիլի 21-ի նիստի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատման են ներկայացվել հետևյալ որոշումների նախագծերը. 1. <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին>> կառավարության որոշման նախագիծը: Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին տարիներին գայլերի թվաքանակի աճով, ինչն արտահայտվում է տարբեր համայնքներում գայլերի հարձակումներով, ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա: Նախագծով առաջարկվում է 2016 թվականի ընթացքում որսված 200 գայլերի դիմաց սահմանել պարգևավճարներ` յուրաքանչյուրի համար 123.000 դրամի չափով և պարգևավճարների գումարները վճարելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 24,669.2 հազ.դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Առաջարկվում է նաև արգելել գայլերի որսն ինքնաորս գործիքներով՝ թակարդներով, որպեսզի գայլերից բացի, այլ կենդանիներ չորսվեն: Որոշման նախագծի ընդունմամբ կխրախուսվի գայլերի թվաքանակի կարգավորումը և բնության մեջ կվերականգնվի բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը: 2. <<Սևան ակվա>> փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Որոշման ընդունումը պայմանավորված է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Ծրագրի շրջանակներում <<Սևան Ակվա>> ընկերության կողմից լճում տեղակայվող տնտեսության հիմնման, սպասարկման, գրասենյակային և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող <<Սևան>> ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում <<Սևան ակվա>> փակ բաժնետիրական ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրել 0.6445 հեկտար հողամաս: Նախագծերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: