Էլեկտրոնային ԶԼՄ-ներով հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածված հրապարակումների առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ <<Սաֆարի ինտերնացիոնալ>> հայ-իտալական համատեղ ձեռնարկություն>> ՍՊԸ-ն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշմամբ ՀՀ Վայոց Ձորի/2400հա/ և Սյունիքի/495հա/ մարզերի 2895 հեկտար տարածքում իրականացնում է հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և այլ վայրի կենդանիների բուծում կիսաազատ պայմաններում ` սիրողական որսի, էկոտուրիզմի, գիտահետազոտական նպատակով: 12 տարվա ընթացքում բեզոարյան այծի և մուֆլոնի գլխաքանակն ավելացել է մի քանի անգամ և ներկայում այդ տարածքում կա ավելի քան 650 բեզոարյան այծ և մուֆլոն: ՍՊԸ-ն 2010-ին ստացել է վերոհիշյալ կենդանիների երկրորդ սերունդը: Համաձայն <<Կենդանական աշխարհի մասին>> ՀՀ օրենքի 27,2 հոդվածի 4-րդ մասի` << Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, մինչև 10 տոկոսը լիազորված մարմնի թույլտվությամբ տրամադրվում է պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝ որսի կամ այլ նպատակներով օգտագործելու համար, իսկ կոնկրետ տեսակի քանակի ավելացման վերաբերյալ հիմնավորված տվյալների առկայության դեպքում լիազորված մարմնի թույլտվությամբ կարող է տրամադրվել սահմանված չափից ավելի>>: <<Սաֆարի ինտերնացիոնալ>> հայ-իտալական համատեղ ձեռնարկություն>> ՍՊԸ -ն ըստ կարգի վերոհիշյալ տարիների ընթացքում լրացրել է կենդանիների հաշվառման ամենամյա մատյանները, ինչը պարբերաբար ստուգվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության մոնիթորինգների ժամանակ: 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ ընկերության հաշվետվության, տարածքում առկա է մի քանի տասնյակ երկրորդ սերնդի բեզոարյան այծ և մուֆլոն, ինչը թույլ է տալիս ընկերությանը իրականացնել երկրորդ սերնդի կենսունակ առանձնյակների որս: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալություն <<Սաֆարի ինտերնացիոնալ>> հայ-իտալական համատեղ ձեռնարկություն>> ՍՊԸ –ի ներկայացրած հաշվետվության համաձայն 2016թ. մարտ ամսին որսացվել է մեկական բեզոարյան այծ և մուֆլոն: