ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2016
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականին և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական դոկտոր Վահան Թուրեկյանին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլզին, ինչպես նաև դեսպանատան մի շարք աշխատակիցների: Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող պատրաստակամությունն ու աջակցությունը բնապահպանական խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ՝ մասնավորապես նշելով."ԱՄՆ կառավարության հետ մեր համագործակցությունը բնապահպանության ոլորտում բավականին ամուր հիմքերի վրա է դրված: Մասնավորապես ջրային ռեսուրսների խնայողության և արդյունավետ կառավարման ուղղությամբ մի շարք ծրագրեր արդեն իրականացվել են և շարունակական բնույթ են կրում: Լիահույս եմ, որ իրականացվող ծրագրերը մոտ ապագայում ցանկալի արդյունք կտան": Դոկտոր Թուրեկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ողջունելի են Հայաստանի Հանրապետության կողմից ներդրվող ջանքերը համամարդկային և լոկալ բնապահպանական խնդիրների՝ կլիմայի փոփոխության, օզոնային շերտի քայքայման, ջրային ռեսուրսների խնայողության, արդյունավետ կառավարման և այլ մարտահրավերների հաղթահարման առումով: "Որպես բնապահպան՝ ես բարձր եմ գնահատում ՀՀ անդամակցությունը տարբեր միջազգային բնապահպանական կոնվենցիաներին և դրանցից բխող արձանագրություններին, որոնց շրջանակներում երկիրը ստանձնել է մի շարք պարտավորություններ և իմ պատրաստակամությունն եմ հայտնում մասնագիտական աջակցությունս ցուցաբերել ոլորտին առնչվող հարցերով",- նշել է Վահան Թուրեկյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև բուսական և կենդանական աշխարհի վտանգված տեսակների ներկրման և արտահանման ոլորտում առկա խնդիրները: Դեսպան Միլզը նշել է, որ ԱՄՆ ներկայացուցչությունն իր պատրաստակամությունն է հայտնում մասնագիտական աջակցություն ցուցաբերել որոլտի կատարելագործման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ դեսպանության և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներից աշխատանքային խումբ ձևավորելու և համապատասխան նախապատրաստական աշխատանքները սկսելու ուղղությամբ: Աշխատանքները կհամակարգեն նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Արթուր Դանիելյանը և ԱՄՆ դեսպանության տնտեսական և կոմերցիոն հարցերով պատասխանատու Ռաֆայել Սամբոուն: