ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նախագահ պրոֆեսոր Յոնաս Էբբեսոնին: Նախարար Գրիգորյանը, ողջունելով հյուրին և բարձր գնահատելով Օրհուսի կոնվենցիայի դերն ազգային օրենսդրության կատարելագործման և շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ հասարակության ուշադրության մոբիլիզացման և իրազեկվածության բարձրացման գործում, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն քայլեր է ձեռնարկում Օրհուսի կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված գործողություններում: Իր հերթին պարոն Էբբեսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը կոնվենցիայի դրույթների համապատասխանեցման ուղղությամբ՝ մասնավորապես ընդգծելով ՇՄԱԳ օրենքում կատարված փոփոխությունները շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության մատչելիության և հանրության մասնակցության ընթացակարգային իրավունքի ապահովման տեսանկյունից: Անդրադառնալով 2017-ին կայանալիք Օրհուսի կոնվենցիայի կողմերի 6-րդ հանդիպմանը, որտեղ Հայաստանը պետք է ներկայացնի իր 5-րդ ազգային զեկույցը՝ Յոնաս Էբբեսոնը հույս է հայտնել, որ մինչ այդ Հայաստանը կհասցնի պատշաճ կերպով իրականացնել իր վրա ստանձնած պարտավորությունները: Նախարար Արամայիս Գրիգորյանը վստահեցրել է, որ կգործադրվեն բոլոր միջոցները ողջամիտ ժամկետներում կոնվենցիայով նախատեսվող համապատասխանությանը հասնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին կողմերն ակտիվ փոխգործակցության և ընթացիկ հարցերում միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել :