ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.04.2016
ՀՀ և ՌԴ բնապահպանության ոլորտում ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով սույն թվականի ապրիլի 7-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջև: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և ՌԴ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Սերգեյ Դոնսկոյի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում համագործակցույթունը կողմերի միջև կիրականացվի հետևյալ ուղղություններով. • շրջակա միջավայրի վրա ազդեցության նորմավորում, շրջակա միջավայրի և ընդերքօգտագործման ոլորտներում ստանդարտացում և սերտիֆիկացում • շրջակա միջավայրի պահպանության բնագավառում տնտեսական կարգավորում և կայուն բնօգտագործում • կենսաբազմազանության պահպանություն և կայուն օգտագործում • բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում, ԲՀՊՏ-ների գործունեության կառավարում • քիմիական նյութերի և թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) գործածության կարգավորում • հանքարդյունաբերական գործունեության արդյունքում վնասված հողերի վերականգնում • բնապահպանական պետական վերահսկողության կազմակերպում և իրագործում; • շրջակա միջավայրի իրավիճակի մոնիթորինգ • շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պետական կառավարման ոլորտում տեխնոլոգիական և ինովացիոն համագործակցության զարգացում: Կողմերի միջև համագործակցությունը սույն Հուշագրում նշված ուղղություններով կարող է իրականացվել փորձագետների փոխանակման, մասնագետների խորհրդակցությունների անցկացման, երկկողմ ծրագրերի իրականացման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային ծրագրերին համատեղ մասնակցություն ցուցաբերելու միջոցով: Հուշագրի դրույթներն իրականացնելու համար Կողմերը կստեղծեն աշխատանքային խումբ՝ բաղկացած Կողմերի ներկայացուցիչներից և Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության այլ շահագրգիռ գերատեսչություններից: