Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների օպտիմալ օգտագործման, հանրապետության գետերում էկոլոգիական հոսքերի (թողքերի) բարելավված մեթոդիկայի, ՓՀԷԿ-երի շահագործման ժամանակ ծագած բնապահպանական խնդիրների և դրանց լուծումների, ինչպես նաև ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 49-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն և 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշումներում լրացումների և փոփոխությունների կատարման անհրաժեշտության և համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման հարցերը: Նիստի առաջին հարցով հանդես է եկել կոլեգիայի անդամ ինժեներ-հիդրոտեխնիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը, ով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների օպտիմալ օգտագործման խնդիրներին: Անդրադառնալով հանրապետության գետերում էկոլոգիական հոսքի (թողքի) հաշվարկման մեթոդիկայի կատարելագործման անհրաժեշտությանը, ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Լուսինե Թասլակյանը նշել է, որ ամբողջ տարվա համար որպես էկոլոգիական հոսք ընդունվում է գետի հիդրոլոգիական դիտակետի գետահատվածում դիտարկված բազմամյա տարեկան ձմեռային տասնօրյա նվազագույն ելքերի միջին արժեքը և որոշվող էկոլոգիական հոսքի արժեքը բոլոր ամիսների համար նույնն է: Հաշվի չեն առնվում գետերի ռեժիմներն ըստ տարվա եղանակների։ Մինչդեռ Էկոլոգիական հոսքի ճշգրիտ գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն հիդրոլոգիական, այլ նաև հիդրոմորֆոլոգիական, հիդրոկենսաբանական և հիդրոքիմիական բնութագրիչները։ Բացի դրանից, էկոլոգիական հոսքի արժեքն անհրաժեշտ է որոշել ըստ առանձին ամիսների և տարվա եղանակների՝ ներկայում որոշվող տարեկան արժեքի փոխարեն: ԱՄՆ ՄԶԳ <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի շրջանակներում մշակվել է էկոլոգիական հոսքի հաշվարկի նոր բարելավված մեթոդ, որի առավելությունները նախորդի համեմատ հետևյալն են․ • Էկոլոգիական հոսքը հաշվարկվում է ըստ ամիսների և տարվա եղանակների, • Հաշվի է առնվում գետի հոսքի ռեժիմը, • Ներառվում է ջրի և ջրային միջավայրի էկոհամակարգի պայմանները: Մեթոդների համեմատական քննարկումից հետո ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալին հանձնարարվել է լրացուցիչ քննարկել գետերում էկոլոգիական հոսքերի (թողքերի) բարելավված մեթոդիկայի մշակման հարցը՝ խնդրին օպտիմալ լուծում տալու նպատակով: Անդրադառնալով ՓՀԷԿ-երի շահագործման ժամանակ ծագած բնապահպանական խնդիրներին և դրանց լուծումներին, ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը նշել է, որ 2014-2015թթ. տեսչության կողմից 52 փոքր ՀԷԿ–երում կատարված տեսչական ստուգումները և 87 ՓՀԷԿ-երում կատարված ուսումնասիրությունների վերլուծությունները ցույց են տվել, որ ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման փուլերում առաջանում են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնց համար մշակվել է առողջացման ծրագրի առաջարկությունների փաթեթ. • Յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի համար կազմել բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված առողջացման միջոցառումների ծրագիր, դրա կատարման ժամանակացույց, հետևել դրանց կատարման ընթացքին: • ՀՀ բնապահպանության նախարարությունում ներդնել <<ՓՀԷԿ-ի բնապահպանական անձնագիր>> և <<ՓՀԷԿ-ի բնապահպանական կանաչ անձնագիր>> շնորհելու համակարգը (դրանց ձևաչափը և չափորոշները որոշել քննարկումների արդյունքում, հատուկ ուշադրություն դարձնելով բնապահպանական պահանջները պատշաճ կատարող ՓՀԷԿ-երի նկատմամբ խրախուսման լծակների կիրառմանը): • Վերանայել ջրի թույլտվություններով տրված ջրառի ծավալները` հաշվի առնելով տվյալ գետային համակարգից օգտվող առաջնային ջրօգտագործողների ջրապահանջները: • Առաջնային համարել բնապահպանական թողքի, այնուհետև ջրառի քանակությունների չափումները և դրանց չափաքանակների պահպանությունն ավտոմատ կառավարման համակարգերի ներդրմամբ: Բացի այդ, ՓՀԷԿ-երի առողջացման ծրագրին զուգահեռ՝ կոլեգիայի անդամները ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանն առաջարկել են մշակել և ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայաններով գերծանրաբեռնված գետերում դրանց կառուցումն արգելող իրավական ակտի նախագիծ: Ինչ վերաբերում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 49-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն և 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշումներում լրացումների և փոփոխությունների կատարման անհրաժեշտության և համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման հարցերին, ապա ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանին առաջարկվել է սահմանված կարգով ընթացք տալ <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն և 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Ամփոփելով նիստը՝ նախարար Արամայիս Գրիգորյանն իր շնորհակալությունն է հայտնել կոլեգիայի անդամներին, ակտիվ և սրտացավ աշխատանքի, բարձրացվող խնդիրների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հետևողական գործունեության համար՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել վեր հանված խնդիրների արդյունավետ լուծմանը: