ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2024
Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կայանալու է Երևանում 2026 թվականին

Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։
Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը' նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։
https://www.mfa.am/hy/press-releases/2024/11/01/Armenia_COP_17/12926