ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.03.2016
Տեղի է ունեցել “Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ ՄԱԿ-ի “Կլիմայի փոփոխության մասին” շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում ընդունված որոշումը և իրականացման հեռանկարները” թեմայով Կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչակ

Սույն թվականի մարտի 4-ին տեղի է ունեցել “Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ ՄԱԿ-ի “Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում ընդունված որոշումը և իրականացման հեռանկարները” թեմայով Կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հինգերորդ նիստը, որն անց է կացվել ընդլայնված կազմով: Նիստը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կլիմայի փոփոխությունների դեմ մղվող համամարդկային ջանքերին, նախարարն իր խոսքում մասնավորապես նշել է. “Հաշվի առնելով 2015-ի դեկտեմբերին Փարիզում ընդունված որոշումների հիման վրա հաստատված Փարիզյան համաձայնագրի դրույթները՝ այսօրվա նիստին մենք կքննարկենք Հայաստանի դիրքորոշումն ու անելիքները համաձայնագրի ենթատեքստում և համաձայնագրի վավերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Միջգերատեսչական խորհրդի ընդլայնված ձևաչափով նիստի հրավիրումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի կողմից ստանձվող հավակնոտ հանձնառությունների կատարման համար անհրաժեշտ է լայն համագործակցություն միջազգային կազմակերպությունների, համայնքների, մասնավոր և քաղաքացիական հանրության միջև”: Խորհրդի նիստի քննարկմանն են ներկայացվել հետևյալ հարցերը՝ կլիմայի փոփոխության մեղմման խնդիրների համատեքստում. 1.Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը (INDC) 21-րդ կողմերի կոնֆերանսի որոշումների ներքո: 2.Կոնվենցիայի ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի զեկույցի հիմնական արդյունքները և չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման (MRV) ազգային համակարգի ամրապնդման կարևորությունը: 3.Բնակելի սեկտորում 2417 տնային տնտեսությունների շրջանակում էներգիայի սպառման հետազոտության արդյունքները:   ___________________________________________________________________________________ Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Փարիզում ընդունվեց կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Փարիզյան համաձայնագիրը: Կոնվենցիային անդամակցող բոլոր պետությունները եկան փոխհամաձայնության` միասնական ջանքերով զսպելու կլիմայի փոփոխությունն այնպես, որ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ՝ գլոբալ մթնոլորտի տաքացումը չգերազանցի 2 աստիճանը՝ միաժամանակ ձգտելով 1.5 աստիճանի սահմանագծին: Նախքան Փարիզյան համաժողովը՝ պետությունները ներկայացրել էին իրենց դիրքորոշումները` "Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների" տեսքով (INDC), որպեսզի դրանց ամփոփման արդյունքում գնահատվի, թե որքանով է ապահովված 2 կամ 1.5 աստիճանի սահմանագիծը: 2015թ.-ի սեպտեմբերի 28-ին, ի թիվս մյուս երկրների, Հայաստանը ևս կոնվենցիայի քարտուղարությանն էր ներկայացրել իր դիրքորոշումը, մասնավորապես՝ ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ուղղությամբ "նախատեսած"հանձնառությունները: