ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Համիդ Չիթչիանը բարձր է գնահատել հայ-իրանական համագործակցությունը և ողջունել բնապահպանության ոլորտում սերտորեն փոխգործակցելու երկու երկրների պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արաքս գետի աղտոտվածության խնդրին, որի կապակցությամբ օրեր առաջ հայ-իրանական համատեղ դիտորդական խումբը տեղում դիտարկել էր Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում գործող ջրի շրջանառու համակարգը, ծանոթացել այդ ուղղությամբ կոմբինատում իրականացված և առաջիկայում տարվելիք աշխատանքներին, որոնք նվազագույնի կհասցնեն բացասական ազդեցությունը գետի վրա: Նախարար Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով այցի համար և կարևորելով բնապահպանական խնդիրների նկատմամբ իրանական կողմի ցուցաբերած ուշադրությունը, հավաստիացրել է, որ խնդիրը վերջնական լուծում կստանա մինչև 2016թ. ավարտը. "Կոմբինատի առջև դրվել են հստակ պահանջներ, որոնք վերջինս խոստացել է ավարտին հասցնել մինչև 2016 թ. ավարտը, սակայն պետք է նշեմ, որ Արաքս գետը Հայաստան է մտնում Նախիջևանից արդեն իսկ աղտոտվածության որոշակի աստիճանով, ինչը ևս պետք է պարզել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ ևս": Կողմերը կարևորել են Արաքս գետի ջրի որակի համատեղ մշտադիտարկման հարցերը, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին Համիդ Չիթչիանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանի և ողջ հայ ժողովրդի գալիք Ամանորը՝ մաղթելով կայունության, զարգացման և նորանոր հաջողությունների տարի:
-120x_.jpg?token=fc4f64ba67004dcf7b97f31d9eabb19f)
-120x_.jpg?token=9807091cb12206a8472487781a753735)
-120x_.jpg?token=99411cd608c5f0c139df6271d0d0477a)
