ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.12.2015
Կայացել Է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել Է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր Խորհրդի նախագահ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը: Բնապահպանության նախարարը ողջունելով նիստի մասնակիցներին` նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2013թ. 91 այլ երկրների հետ մեկտեղ ստորագրել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան և ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն իսկ սկսել է Կոնվենցիայի վավերացմանը նպատակաուղղված միջոցառումները: Ներկայում Կոնվենցիան ստորագրել է 128 երկիր և 19-ը` վավերացրել: <<Որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վավերացնի կոնվենցիան, անհրաժեշտ է հետազոտել սնդիկի հիմնախնդիրը երկրում, բացահայտել գերակայությունները և նոր միայն որոշում կայացնել կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Այդ հիմնախնդրի ուսումնասիրմանը և քննարկմանը պետք է ուղղված լինեն Ղեկավար խորհրդի անդամների և բոլոր շահագրգիռ մարմինների մասնագետների ջանքերը, որոնք պետք է ակտիվ մասնակցեն սնդիկին վերաբերող որոշումների ընդունման գործընթացին>>, - նշել է Արամայիս Գրիգորյանը: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Ա. Ալեքսանդրյանը ներկայացրել է տեղեկատվություն սնդիկի վտանգավոր հատկությունների, ինչպես նաև դրա արտանետումների՝ միջազգայնորեն ընդունված հիմնական աղբյուրների մասին: Այնուհետև ներկայացրել է տեղեկատվություն ՀՀ–ում սնդիկի հիմնական աղբյուրների և սնդիկ պարունակող ապրանքների և թափոնների ծավալների իրականացված նախնական հաշվառման վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ <<Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լ. Սահակյանը հանդես է եկել <<Սնդիկը որպես ռիսկի գործոն Հայաստանի Հանրապետությունում>> զեկույցով, որով ներկայացվել է 2005-2013 թթ. ընթացքում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից ՀՀ տարբեր շրջաններում իրականացված էկոլոգաերկրաքիմիական համալիր հետազոտությունների արդյունքները, որոնց ամփոփումից պարզ դարձավ, որ ՀՀ տարածքում սնդիկը հանդիսանում է ռիսկի գործոն: Միևնույն ժամանակ նշել է, որ այդ հետազոտությունները ամենևին ուղղված չեն եղել զուտ սնդիկով մոնոէլեմենտար աղտոտման բացահայտմանը, սակայն սնդիկի չափաքանակներ հայտնաբերվել են ՀՀ տարբեր շրջաններում, այդ թվում` հանքալեռնային, դրանց կից գյուղատնտեսական տարածքներում և քաղաքներում: Ղեկավար խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացման հարցը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն հնարավորություն կտա կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ստանալ ֆինանսական և տեխնիկական աջակցություն, մասնավորապես, ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, ստեղծել սնդիկ պարունակող թափոնների վերամշակման և վնասազերծման հզորություններ, վնասազերծել սնդիկով աղտոտված տարածքները: