ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել կլոր սեղան Կոմպոստավորման եվրոպական ասոցիացիայի բուլղարական «Զրոյական թափոնների և օրգանական փուլի 100-առաջին կազմակերպության», Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել է կենսաբանական աղբը կոմպոստի վերածելու Բուլղարիայի փորձը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարևորել է կենսաբանական թափոնների խնդրի լուծումը, մասնավորապես` օրգանական աղբը որպես պարարտանյութ օգտագործվող կոմպոստի վերածելու տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում: Խ. Հակոբյանն այս առումով կարևորել է միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունը: Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը կարևորել է հայ-բուլղարական համագործակցությունը, մասնավորապես` բնապահպանության ոլորտում և ընդգծել կենսաբանական աղբը կոմպոստի վերածելու գործընթացում փորձի փոխանակման նշանակությունը: «Զրոյական թափոնների և օրգանական փուլի 100-առաջին կազմակերպության» նախագահ Ֆլորիան Ամլինգերը և նույն ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Ստայանովը կլոր սեղանի մասնակիցներին ներկայացրել են կենսաբանական աղբը կոմպոստի վերածելու Բուլղարիայի փորձը` այդ նպատակով մշակված օրենսդրական բազան և գործնական ձեռքբերումները: Ծավալվել է շահագրգիռ քննարկում մասնակիցների միջև, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փորձի փոխանակումը կոնկրետ հարցերի վերաբերյալ: