Դեկտեմբերի 4-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի է ունեցել Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ-ԳԷՖ լայնածավալ ծրագրի մեկնարկային աշխատաժողովը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, ծրագրի կառավարման խորհրդի անդամ Խաչիկ Հակոբյանը: Ողջունելով հյուրերին` Խ. Հակոբյանը կարևորել է ծրագրով նախանշված արդյունքներին հասնելը. Արդիական է հանրապետության տարածքում կուտակված ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի քիմիական նյութերի, պեստիցիդների էկոլոգիապես անվտանգ հեռացման հիմնախնդիրը: Այս ծրագիրը կոչված է վերջնական լուծում տալ երկրում առկա ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման և մասնավորապես՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի լիկվիդացման հիմնախնդրին: Քանի որ հիմնախնդիրը միջգերատեսչական է, պահանջվում է տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը և սերտ համագործակցությունը ծրագիրը հաջող ավարտին հասցնելու համար: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Զեկույցով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Ա.Ալեքսանդրյանը: Բանախոսը ներկայացրել է Ստոկհոլմի կոնվենցիայի դրույթները, որոնք վերաբերում են կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող ժամկետանց թունաքիմիկատների, դրանցով աղտոտված տարածքների և թափոնների էկոլոգիապես անվտանգ կարգավորմանը: Անդրադարձ է եղել նաև Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին, որոնք ամրագրված են ՀՀ կառավարության կողմից ընդունված ռազմավարական ծրագրերում: