ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.12.2015
Մայրաքաղաքի թվով վեց հիմնական դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների մոտ 400 աշակերտի համար անցկացվել են բնապահպանական ուղղվածության դասընթացներ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ, Օզոնի ազգային կենտրոնի աջակցությամբ շարունակում է էկոկրթական դասընթացների անցկացումը մայրաքաղաքի դպրոցներում: 2015 թվականի ապրիլ և նոյեմբեր ամիսներին ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներից և բնապահպան փորձագետներից ձևավորված խմբերը մայրաքաղաքի թվով վեց հիմնական դպրոցի /հ. 61, 63, 154, 88, 138, 180/ 6-րդ և 7-րդ դասարանների մոտ 400 աշակերտի համար անցկացրել են բնապահպանական ուղղվածության դասընթացներ` բուսական և կենդանական աշխարհին, մթնոլորտային օդին, օզոնային շերտի կարևորությանը, ջրային ռեսուրսների պահպանությանը, կլիմայի փոփոխությանը, վտանգավոր նյութերին և թափոններին առնչվող թեմաներով: Դասընթացների նպատակն է աշակերտների մոտ ձևավորել բնապահպանական գիտակցություն` բնապահպանական գիտելիքների խորացման միջոցով և հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ: Դասընթացների ժամանակ դպրոցականներին տրամադրվել են բնապահպանական թեմաներով ուսուցողական բրոշյուրներ և գրքեր, ցուցադրվել տեսաֆիլմեր և մուլտֆիլմեր: Դպրոցականներն ակտիվ մասնակցել են դասընթացներին, տվել իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր և ստացել համապատասխան պարզաբանումներ: