ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին: Շնորհավորելով և բեղմնավոր դիվանագիտական ծառայություն մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Արամայիս Գրիգորյանը, հույս է հայտնել, որ Սեյեդ Քազեմ Սաջադին իր գործունեությամբ կնպաստի բնապահպանության ոլորտում հայ-իրանական հարաբերությունների առավել ամրապնդմանը և կշարունակի արդեն իսկ ձևավորված համագործակցության դրական ավանդույթը: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի համար՝ վստահեցրել է, որ կանի առավելագույնն այս ոլորտում փոխգործակցության ակտիվացման և զարգացման նպատակով: Կողմերը քննարկել են Արաքս գետի աղտոտվածության հարցը, անդրսահմանային միգրացիոն էկոմիջանցքների ստեղծման, ինչպես նաև համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու, երկու երկրների փորձի փոխանակման և տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարները, որոնք կներգրավվեն առաջիկայում ստորագրվելիք երկկողմ հուշագրում: Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև հայ-իրանական համագործակցության շրջանակներում ստեղծվող 'Բարեկամության և խաղաղության այգու' հետ կապված գործընթացներում տարվող աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արդեն այգին կդառնա բնապահպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության օրինակ: