ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2015
ՀՀ բնապահպանության նախարարը մասնակցել է Հայաստանում բնական՝ հանքային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու բնապահպանական կառավարման հարցերին նվիրված աշխատաժողովին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է "Հայաստանում բնական՝ հանքային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու բնապահպանական կառավարումը. խնդիրներ և լուծման ուղիներ" թեմայով աշխատաժողովին: Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Կայուն զարգացման կենտրոնի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնագետների կողմից վեր են հանվել ոլորտի առկա խնդիրները, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, քննարկվել և նախանշվել են լուծման ուղիներ: Ողջունելով միջացառման մասնակիցներին` նախարար Արամայիս Գրիգորյանն իր խոսքում կարևորել է ընդերքօգտագործման գործընթացում բնապահպանական խնդիրները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը: ՀՀ բնապահպանության նախարարը մասնավորապես նշել է. «Ողջամիտ ընդերքօգտագործման, հանքային հումքի համալիր օգտագործման և շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման ազդեցության խնդիրները սերտ փոխկապակցված են: Հանքային հումքի համալիր օգտագործումն ունի կարևորագույն բնապահպանական ազդեցություն: Մասնավորապես, մետաղական օգտակար հանածոների համալիր կորզումը կհանգեցնի շրջակա միջավայրի բնական բաղադրիչների վրա ազդեցությունների նվազեցմանը: ՀՀ Ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունմամբ սկիզբ դրվեց մի շարք բնապահպանական նորարարությունների, այդ թվում՝ բնապահպանական կառավարման, օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների պլանների, հանքի փակման ծրագրի մշակմանը: Նման մշտադիտարկումների իրականացումը հնարավորություն կընձեռի ժամանակին արձանագրելու փակված հանքի, արդյունահանման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերի տարածքի երկրաբանական միջավայրի, հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունը, միջոցներ ձեռնարկելու հնարավոր վնասը կանխելու, վերացնելու կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Սահմանվել է նաև մշտադիտարկումների կատարման համար հատկացումների վճարման մեխանիզմը»: Անդրադառնալով ՓՀԷԿ-երի հարցին` նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է. «Կարևորելով փոքր ՀԷԿ-երի նշանակությունը՝ որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող գործոն, մեր խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը: ՀԷԿ-երի անբարեխիղճ գործունեության հետևանքով անբարենպաստ էկոլոգիական իրավիճակ է նկատվում հանրապետության գետերում, խախտվում են գետերի բնական հոսքի քանակական ցուցանիշները: Ներկայում, համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ հանրապետության գետերի բազմամյա տարեկան բնապահպանական թողքի հաշվման ընթացքում հաշվի է առնվում միայն գետերի հիդրոլոգիական բնական ռեժիմը: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը գտնում է, որ էկոլոգիական թողքի ճշգրիտ արժեքի որոշման ժամանակ բացի հիդրոլոգիական բաղադրիչից, անհրաժեշտ է հաշվի առնել մյուս բնութագրիչները ևս (հիդրոմորֆոլոգիական, հիդրոկենսաբանական և հիդրոքիմիական), ինչպես նաև գետերում հոսքի ձևավորման առանձնահատկությունները: Ուստի մեր առաջարկությամբ՝ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ, մշակվում է էկոլոգիական թողքի գնահատման նոր մեթոդ, որտեղ կներառվեն նշված բոլոր բաղադրիչները»: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: Բանախոսը կարևորել է բնապահպանական խնդիրների վերհանման և լուծումներ մշակելու գործում Կայուն զարգացման կենտրոնի ծավալած գործունեությունը: ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի իրականացրած աշխատանքների արդյունքները ներկայացրել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը: Աշխատաժողովի ընթացքում փորձագետները ներկայացրել են կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրությունները, որոնք ուղղված են ոլորտի կառավարման արդյունավետության և քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Մասնագետների կողմից քննարկվել են հանքային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու կառավարման համակարգի բարելավման, ինչպես նաև սողանքային երևույթների ուսումնասիրության վերաբերյալ թեմաներ: Մասնավորապես անդրադարձ է եղել հանքավայրերի շահագործման արդի խնդիրներին, ՓՀԷԿ-երի շահագործմամբ պայմանավորված էկոլոգիական հիմնահարցերին, ընդերքաբանական և ՇՄԱԳ փորձաքննության անցկացման հարցերին: Մասնագետների կողմից նախանշվել են խնդիրների լուծման հստակ մեխանիզմներ: