ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.11.2015
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ` ԳԵՏԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ և ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` Գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի նախնական արդյունքների քննարկում: Ողջունելով քննարկման մասնակիցներին և կարևորելով հասարակական սեկտոր-պետական գերատեսչություն համագործակցությունը, ՀՀ բնապահպանության նախարարը շեշտել է. "Այս ծրագրի շրջանակներում կարևոր աշխատանք է իրականացվում, փորձ է արվում ստուգելու ՓՀԷԿ-երի աշխատանքի արդյունավետությունը, վեր հանել առկա խնդիրները, ինչը թույլ կտա հետագայում կառավարությանը հստակ ներկայացնել և՛ գործող ՓՀԷԿ-երի արդյունավետության աստիճանը, և թե ինչպիսի բացասական ազդեցություն են դրանք ունենում շրջակա միջավայրի վրա: Մոնիթորինգի արդյունքները մեզ հնարավորություն կտան խնդրահարույց ՓՀԷԿ-երի առջև դնել առողջացման ծրագիր իրականացնելու հստակ պահանջներ, հետագայում համոզվելու համար, որ գործող ՓՀԷԿ-երը իրենցից վտանգ չեն ներկայացնում": Բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպության անդամներին, ՀՀ բնապահպանության նախարարության և այլ կազմակերպություններից ներգրավված փորձագետներին` իրականացրած մեծ ծավալի աշխատանքի համար: Նախատեսված 100-ից ավել ՓՀԷԿ-երից այսօր արդեն ներկայացված են 62 ՓՀԷԿ-երում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` Գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի համակարգող Ինգա Զարաֆյանն իր հերթին նշել է, որ ծրագրով նախատեսված մոտ 100 ՓՀԷԿ-երի մոնիթորինգի արդյունքների հիման վրա կարող է ստեղծվել տեղեկատվական բազա, որը թույլ կտա ծանոթանալու տվյալ ՓՀԷԿ-երում տիրող իրավիճակին: Ծրագրով նախատեսված է սոցիալական բաղադրիչ, ինչի արդյունքում պետք է հարակից համայնքներում պարզեն, թե ինչ ազդեցություն ունեն ՓՀԷԿ-երը համայնքների բնակիչների սոցիալական վիճակի վրա: Փորձագետների փոխանցմամբ՝ մոնիթորինգն իրականացվում է 75 չափանիշներով: Նախատեսվում է նաև տրամադրել, այսպես կոչված, կանաչ անձնագրեր ՓՀԷԿ-երին, որի ձևաչափը դեռ ճշգրտվում է: Անդրադառնալով կանաչ անձնագրի գաղափարին՝ Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ կանաչ անձնագիր, որպես այդպիսին չի տրվում. «Այն տեղեկանք է ՓՀԷԿ-ի առկա վիճակի, տեխնիկական հագեցվածության, բնապահպանական բաղադրիչների համապատասխանության վերաբերյալ, ինչից էլ կախված կլինի ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ գործունեության և այլ կառույցների /պետական գերատեսչություններ, վարկային կազմակերպություններ/ հետ համագործակցության հնարավորությունները: Այսինքն, երբ ՓՀԷԿ-ում ամեն ինչ նորմալ է, կամ եթե եղել են բացթողումներ, որոնք առողջացման ծրագրով ամբողջովին լուծվել են, ապա վերջիններս՝ որպես օրինակելի ՓՀԷԿ-եր, կստանան կանաչ ճանապարհ, թե՛ վարկերի ձեռքբերման, թե ջրի թույլտվության, թե էներգետիկայի հետ կապված»: Ծրագրի իրականացման առաջին փուլի մասին զեկույցով հանդես է եկել «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` Գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի տեղեկատվական բազայի պատասխանատու Վիկտորյա Բուռնազյանը: Բանախոսը ներկայացրել է 62 ՓՀԷԿ-երի այցելության տվյալները, հայտնաբերված թերացումները, ինչպես նաև դրական օրինակները: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ աշխատանքներ պետք է տարվեն յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի համար, վերջիններս պետք է ներկայացնեն և իրականացնեն անհատական առողջացման ծրագրեր, նվազագույնի հասցնելով բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, հակառակ դեպքում կկիրառվեն համապատասխան միջոցներ: