ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի (ներառյալ Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների)» մշակման վերաբերյալ ներկայացված միջանկյալ հաշվետվության հանրային քննարկում: Միջոցառմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 340-Ն որոշման պահանջի համաձայն: Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ այն պետական միջոցներով մշակվող առաջին ջրավազանային կառավարման պլանն է և կարևորել է նրա դերը ոլորտի կառավարման և կարգավորման գործընթացում: «Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի» մշակման վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունը ներկայացրել են «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ղեկավար Ժորա Աչոյանը և քարտեզագրող Ալեքսանդր Առաքելյանը: Բանախոսները ներկայացրել են, որ պլանի նախագիծն իր մեջ ներառում է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի մակերևութային և ստորերկրյա, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պլանի նախագիծը և մշակվել է «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին՚, «Ջրի ազգային ծրագրի մասին՚ ՀՀ օրենքների, «Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը հավանություն տալու մասին» ՀՀ Կառավարության 03.02.2011թ.-ի №4 արձանագրային որոշման և այլ իրավական ակտերի պահանջների համաձայն: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների` ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը: Ժորա Աչոյանը ներկայացրել է պլանում տեղ գտած ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց` 2014 թ-ի երկրորդ կեսից ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Արարատյան դաշտավայրի ինքնաշատրվանող հորատանցքերի նկատմամբ ձեռք առնված միջոցառումների շնորհիվ խնայվել է 22.24 մ3/վրկ ջրաքանակ, այդ թվում ձկնաբուծության ոլորտում՝ 17.4 մ3/վրկ, ոռոգման ոլորտում՝ 2.9 մ3/վրկ և խմելու-կենցաղային ոլորտում` 1.9 մ3/վրկ ջրաքանակ: Բացի այդ, ՀՀ կառավարության N1111 –Ն որոշման համաձայն` փոփոխություն է մտցվել ՋԹ-ով սահմանված ջրաքանակների նկատմամբ. եթե հին ՋԹ-ով ջրօգտագործումը Արարատյան դաշտում պետք է լիներ 46,4մ3/վրկ, այդ թվում՝ Արմավիրի մարզում 13,6մ3/վրկ, իսկ Արարատի մարզում` 32,8մ3/վրկ, ապա նոր ՋԹ-ով այն կազմել է 26,7մ3/վրկ, այդ թվում ՝ Արմավիրի մարզում 6,2մ3/վրկ, իսկ Արարատի մարզում 20,5մ3/վրկ, այսինքն կատարվել է 19,6մ3/վրկ ջրաքանակի տնտեսում: 2014-2015թթ. կատարված աշխատանքների և ձեռք առնված միջոցառումների արդյունքում ընդհանուր առմամբ խնայվել է 42,4մ3/վրկ կամ տարեկան 1337.3մլն.մ3 ջրաքանակ, ինչով ապահովվել է ստորերկրյա ջրային ռեսուրսների բնական վերականգնման մակարդակը, որը խախտվել էր սկսած 2007թվականից` ձկնաբուծության զարգացման հետևանքով: Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, առաջարկել է հնչած հարցերը և առաջարկները փաթեթով ներկայացնել կառավարման պլանը մշակող կազմակերպությանը, որպեսզի դրանք ներառվեն փաստաթղթում, ինչպես նաև վերջիններիս տրվեն հիմնավոր պատասխաններ: